Այգու կեսը քաղաքապետի գրիչի մեկ հարվածով ուղղակի ոչնչացվեց. Ի՞նչ է կատարվում Մաշտոցի պուրակում

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Մաշտոցի պուրակից, որտեղ կրկին ցուցադրում է հատված ծառերը։ Նա նշեց, որ ծառերը կտրել են և ցուցադրեց, թե Սոսին ինչ վիճակում է։

«Կարող ենք ասել, որ այս այգու կեսը քաղաքապետի մի գրչի հարվածով ուղղակի ոչնչացվեց»,-ասաց նա և հիշեցրեց, որսա հենց այգին է, որ Տարոն Մարգարյանի օրոք ցանկանում էին կրպակներ կառուցել։

«Կորուստն անդառնալի է։ Իսկ այն պնդումներին, որ այստեղ ծառեր կտնկեն, կամ ոմանք ասում են, որ Երևանում քաղաքապետարանը ծառեր է տնկում, ապա ասեմ, որ ծառ պարտավոր են տնկել, սակայն այգու կեսը ոչնչացնելը, բետոնապատելը, սրան դուք դրեք անուն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ևս բարձրաձայնել էր խնդրի մասին, լուսանկարներ հրապարակել Մաշտոցի պուրակից, որտեղ հաստաբուն ծառեր են հատվել: «Այցի շրջանակներում մեր կողմից կանգնեցվեց շինարարությունը, մասնագետների պահանջով հողով ծածկվեցին բացված և արդեն վնասված ծառարմատները, կատարվեցին մասնագիտական գործողություններ ծառերը փրկելու համար։ Եվ հիմա ի՞նչ, նորից կտրում են»,-նշել էր նա։

Հարցին անդրադարձնել էր նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը և նշել, որ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկի համար զանգեր է ստանում և ներկայացրել մանրամասներ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *