Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին ազատվել է կալանքից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին՝ Դավիթ Մովսիսյանը, այսօր՝ հուլիսի 27–ին, կալանքից ազատ է արձակվել։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է նրա փաստաբան Գոռ Գևորգյանը։

«Վերականգնվեց իմ պաշտպանյալ, նաև իմ մտերիմ բարեկամ Դավիթ Մովսիսյանի՝ Առաքել Մովսիսյանի որդու ազատության իրավունքը։ Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը՝ կալանքը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, այսինքն՝ առ այն, որ Դավիթ Մովսիսյանը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ։ Շուրջ վեց ամսվա ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր արդարությունը վերականգնվեց»,– ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը: Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *