Արթուր Վանեցյանը դшտի է տվել վարչապետին եւ նրա խոuնակին․ պաhանջում է նաև 2 մլն դրամ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա խոսնակ Մանե Գեւորգյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Հայցը ներկայացվել է հունիսի 4-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։

Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, դրանք հեռացնել, հերքման տեքստը հրապարակել, ինչպես նաեւ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցել։

Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը մեր զրույցում ասաց, որ հայցի պատճառը Մանե Գեւորգյանի ապրիլի 29-ի ֆեյսբուքյան գրառումն է։

Կիվիրյանը նշեց, որ ընդհանուր առմամբ պահանջում են 2 մլն դրամի չափով փոխհատուցում։ Նրա խոսքով՝ մամուլի խոսնակը հանդես է գալիս վարչապետի անունից, այդ իսկ պատճառով հայցը ներկայացվել է նաեւ վարչապետի դեմ։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր զրույցում ասաց, որ հայցը դեռ չի ստացել։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ է հերքել իր գրառումը՝ նա բացասական պատասխան տվեց։

Հիշեցնենք, որ այդ գրառման մեջ վարչապետի մամուլի խոսնակը նշել էր, որ 2018թ․-ի հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը տարբեր ընկերություններում իր փայաբաժինները հապճեպ վաճառել է․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *