«Արհեստական լայնացված ճակատն ու սիլիկոնային շուրթերը ոչ բոլորին են գեղեցկացնում»․ գեղեցիկ լինելու 5 խորհուրդ Լուիզա Ղամբարյանից

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի համար կնոջ կերպարում մեծ նշանակություն ունի կանացիությունը։ Դերասանուհին վստահեցնում է, որ կանացիությունը բացի ֆիզիկական տվյալներն ու շարժուձևը, իր մեջ կրում է մի շարք հոգևոր արժեքներ։ Լուիզան ժպիտով նշեց, որ դա կնոջ համար հոգեվիճակ է, շարժուձև, իմաստություն, զսպվածություն, ողջախոհություն, համեստություն, արդարամտություն։

Լուիզան Tert.am Life-ի ընթերցողի համար առանձնացրել է գեղեցկության հինգ խորհուրդ։ Դերասանուհին խոսել է նաև դեռահասության տարիքում գտնվող 15-ամյա դստեր, արտաքնի վերաբերյալ նրա տարիքային առանձնահատկությունների և այդ թեմայով մայրական խորհուրդների մասին։

Դերասանուհին նշեց, որ Գաբրիելայի հետ նման թեմաներով արդեն հաճախ են զրուցում, իրեն ուրախացնում է, որ աղջիկն ունի ճաշակի լավ զգացում․ «Ես իրեն միշտ ասում եմ՝ ամեն ինչ գեղեցիկ է, երբ չափի մեջ է։ Սա կյանքի բոլոր ոլորտների մասին է, սակայն հատկապես, երբ խոսքն աղջկա, կնոջ արտաքնին է վերաբերվում։ Գաբիի մոտ կան տարբեր արտահայտումներ, որոնք իր տարիքին լրիվ համապատասխանում են, ու ես, որպես մայրիկ, դրանք հասկանում, ընդունում եմ։ Հուրախություն մեզ՝ ինքն այն աղջիկներից է, որոնք ամեն ինչում չափի բարձր զգացում ունեն»։

Լուիզան նշեց, որ չնայած դեռահաս աղջիկների մոտ երբեմն տարիքային ծայրահեղություններ են լինում, սակայն Գաբիի դեպքում չկան․ «Դեռահաս աղջիկ լինելով՝ Գաբին երբեք չի ընկնում ժամանակակից ծայրահեղությունների գիրկը, որոնք հիմնականում կապված են հագուստի ընտրության, վարսահարդարման կամ արտաքին մեկ այլ բանի հետ։ Չի եղել այնպես, որ ես իրեն սթափեցնելու անհրաժեշտություն զգամ, ասեմ, որ սա մեր ընտանիքի համար անընդունելի է կամ իր տարիքին համապատասխան չէ։ Իր հետ շատ ենք խոսում տարբեր թեմաներից, հիմա մի շրջան է, երբ ես էլ կարող եմ իրենից ինչ-որ բաներ լսել, տեղեկացված լինել։ Այս և առհասարակ ցանկացած պարագայում շատ կարևոր է լսելը»։

Անդրադառնալով խորհուրդներին՝ դերասանուհին առանձնացրեց․

1. Պահպանել բնականությունը:

2. Սիրել ինքդ քեզ՝ անկախ այն անհամաձայնություններից, որոնք կարող են լինել արտաքնի հետ:

3. Չփորձել կամ չձգտել նմանվել, նմանակել ինչ-որ մեկին, որին դուք գեղեցիկ եք համարում։ Ցավոք, այս միտումը ներկայումս կա, սակայն դրա արդյունքում աղջիկը կորցնում է իր տեսակն ու հմայքը։ Արտաքին փոփոխություններն այն բաներն են, որոնք մեկի մոտ կարող են գեղեցիկ, օրգանիկ նայվել, մյուսի մոտ զավեշտի մակարդակի հասնել։ Ընդգծված այտոսկրերը, լայնացված ճակատն ու սիլիկոնային շուրթերը ոչ բոլորին են գեղեցկացնում։ Եթե անգամ գեղեցկության էտալոններ կամ թրենդային արտաքիններ կան, սա չի նշանակում, որ բոլորս պետք է լինենք դրա կրողը։

4. Այս կետն ավելի փիլիսոփայորեն ասեմ՝ կինը ցանկալի է, երբ սիրված է։ Բոլոր աղջիկներին մաղթում եմ սիրված լինելու բնական ու մարդկային զգացողությունն ապրեն։ Երբ կինը միայնակ է, նկատելի է. որքան էլ խնամի արտաքինն ու հաջողի, միևնույն է, ներսից ճառագող երջանկությունը պետք է լինի, որ նրան գեղեցկացնի։ Սիրո բացակայության հետևանքով կինը լիարժեք կին չէ։

5. Կանացիությունը երբեք չպետք է կորցնել։ Հաճախ լինում են կանայք, որոնք ունենում են համաչափ դիմագծեր, սակայն կանացի չեն։ Հասարակության ու տղամարդկանց շրջապատում հաջողում են կանայք, որոնք գուցե և չունեն համաչափ դիմագծեր, սակայն օժտված են կանացիությամբ։ Մայրերը պետք է իրենց դստրերի մեջ կանացիություն սերմանեն մայրերը դեռ շատ վաղ տարիքից։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *