Բաքվում անցկացրած երեք օրերի մղձավանջը. պատմում է հրադադարից հետո գերեվարված Աբելը․ Տեսանյութ

Ասկերանի Խրամորթ գյուղի 52-ամյա բնակիչ Աբել Համբարձումյանը ռուս խաղաղապահների ջանքերով ադրբեջանական գերեվարությունից ազատվելու հետո փորձում է վերականգնվել մղձավանջից, որի միջով անցել է գերեվարության օրերին։ Ֆիզիկական ցավեր ունի, ծեծի հետևանքով կողոսկրերի կոտրվածք, գլխի վնասվածք, դժվարությամբ է տեղաշարժվում։

Աբելին խնամում է պատերազմի օրերին Գյումրի տեղափոխված ընտանիքը՝ կինը, որդին ու դուստրերը։ Աբելը մինչև հիմա չի հավատում, որ տուն է վերադարձել, գերության օրերին էլ ոչ մի վայրկյան նման հույս չի փայփայել։ NEWS.am-ի հետ զրույցում Աբելը հիշում է՝ ինչպես համագյուղացու հետ գերեվարվեցին նոյեմբերի 28–ին։

«Երեկոյան մոտ ժամը 5-ին ընկերս եկավ, ասաց՝ մի հատ գնանք, դաշտը նայենք, ցորենը դաշտից հանենք։ Գնացինք, մտանք դաշտ, որոշեցինք՝ որ կարելի է վարել, հետ դառնալուց մութ էր արդեն, որոշեցինք մյուս ճանապարհով գնալ, գիտեինք, որ այնտեղ դիրքեր ունեն, ուղղակի ստացվեց այնպես, որ ուղիղ դեպի իրենց գնացինք մինչեւ ճանապարհը թեքվելը, հենց ուզեցինք թեքվել՝ շրջափակեցին մեզ մոտ 15-20 զինվորականներ։

Կանգնեցրին, թե բա ի՞նչ եք անում, ասացինք՝ ոչ մի բան, եկանք դաշտը նայելու, մեզ իսկույն պառկեցրին գետնին, ձեռքերիցս բռնած քարշ տվին պոստ, Ռամիզի ավտոն էլ բերին պոստ, իրենց մոտ նստեցրին, ամեն մեկիս մի բաժակ թեյ տվին, ասում էին՝ հանգիստ եղեք, բաց ենք թողնելու ձեզ։ Ռամիզն ասաց՝ տղերք, եկել ենք՝ դաշտին նայենք, գնացեք, մեքենայում գարեջուր կա, վերցրեք, խմեք։ Այդ ընթացքում նրանք զանգում են իրենց հրամանատարին։

Մեկ էլ տեսանք՝ երկու մեքենաներ եկան, իրենց գնդապետն էր, եկան, թե ի՞նչ եք անում այստեղ, նույն ձեւով պատմեցինք։ Մոտ 2-3 րոպեի ընթացքում ասացին՝ արի մեզ հետ, նստացրեք մեքենան, դիմակը քաշեցին գլխիս, ինձ տարան մի ՈՒԱԶ, մյուսին՝ այն մեկը։ Դա տեւեց մոտ 25 րոպե, չգիտեինք՝ ուր են տանում, տարան մի դպրոցական հին սենյակ, դիմակները հանեցին, ամեն մեկիս մի աթոռի նստեցրին, ոտք ու ձեռքերս կապեցին ու մինչեւ առավոտյան ժամը 8-ը այդպես պահեցին։

Շարունակությունը՝ տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *