Գիշերը Երևանում ծեծի են ենթարկել խուլ և համր անձանց. ինչպես է տեղի ունեցել դեպքը (տեսանյութ)

Գիշերը Երևանում գտնվող «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության շենքի առջև ծեծի են ենթարկել խուլ ու համր անձանց։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում պատմեց ականատեսներից Ինեսսա Բիշարյանը։ 

«Շենքի մուտքի մոտ կանգնած զրուցում էինք, ընտանիք էր, երեխաներ էլ կային փոքր, ընտանիքով գնացել էին զբոսնելու, հետ եկան, կանգնած շփվում էինք, ես մի պահ բարձրացա վերև, փոքր գործ ունեի, սենյակիս դուռը բացեցի, մոտիեցա սեղանիս, որ նստեմ, երեխաների գոռոց լսեցի, արագ իջա ներքև։ Պահակն ինձ ասաց, որ շուտ արի, մեր տղաներին ծեծում են»,- ասաց նա։ 

Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ օգոստոսի 26-ին, ժամը 21։00-ի սահմաններում։ «Նրանք 10-11 հոգով էին, 3 մեքենայով միանգամից եկան, փայտեր կար իրենց մոտ, առանց բացատրելու, առանց որևէ բան ասելու հարձակվեցին մեր տղաների վրա, սկսեցին ծեծել։ Երեխաներին հրել են, գցել գետին, ես իրենց ձայնից իջա ներքև։ Հիվանդանոցում այս պահին ոչ ոք չկա։ Խուլ-համրերից մեկի քթին էին հարվածել»։

Մեզ հետ զրույցում խուլ ու համր անձանց շահերի պաշտպան Տիգրան Ղազարյանը հայտնեց, որ դեպքի հետ կապված դեռևս երեկ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել. «Մեզ փաստացի դեռ չեն փոխանցել որոշումը, բայց այսօր առավոտյան տեղեկացրել են, որ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (ծանրացնող հանգամանքներով խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի նկատմամբ բռնությամբ և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ) հարուցվել է քրեական գործ, այժմ նախաքննություն է ընթանում։ Իհարկե, դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումները արդեն տրամադրվել են մի մասին, բնականաբար պետք է ներկայանան, պարզվի, թե ինչ վնասվածքներ են պատճառվել։ Ամբողջը ապացույցների տեսքով, ինչը, որ մեզ մոտ առկա է այս պահին, ներկայացվել է իրավապահ մարմիններին, որոշակի տվյալներ ժամանակի սղության պատճառով չի ներկայացվել, բայց դրանք ևս կներկայացվեն։ Ամբողջը տեսանկարահանված կա»։

Նա նաև նշեց, որ «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության դիրքորոշումն այն է, որ 21-րդ դարում «Հայաստանի խուլերի միավորման» շենքի դիմաց չի կարող տեղի ունենալ նման խուլիգանություն և մեղավոր անձինք չենթարկվեն պատասխանատվության։ Միավորման պահանջը այն է լինելու, որ մեղավորները խստագույնս պատժվեն։ 

Անդրադառնալով հարցին՝ գործով քանի՞ անձ է տուժողի կարգավիճակ ստացել՝ Ղազարյանը նշեց. «Քանի որ այսօր է քրգործը հարուցվել, այդ պատճառով ամբողջական տվյալներ չեմ կարող հայտնել, նաև նախաքննական գաղտնիքից էլ ելնելով, բայց երբ ամբողջական տվյալներ լինեն, մենք կողմ ենք, որ դրանք հանրայնացվեն»։

ArmDaily.am-ը ներկանացնում է միջադեպի տեսանյութը.

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *