Դերասանուհի Լիլիթ Հարոյանի ամուսինը Բելառուսից է, Չինաստանում IT ընկերություն ունի. զույգի հարսանեկան ֆոտոշարքն ու սիրո խենթ պատմությունը

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանն ամուսնացել է: Հաղորդավարուհու ամուսնության մասին մարդիկ իմացան Ֆեյսբուքում կարգավիճակի փոփոխությունից, սակայն Լիլիթը մինչև այս պահը չէր բացահայտել, թե ով է իր ընտրյալը: Լիլիթն ամուսնացել է Բալիում:

Ընտրյալը՝ Ալեքը, Բելառուսից է: Անձնական կյանքում եղած փոփոխության բացառիկ մանրամասները Լիլիթը վստահել է Tert.am Life-ին, ինչպես նաև ամուսնու հետ նկարահանվել մեր ֆոտոշարքում:

Լիլիթն ու Ալեքը հարսանիք չեն արել պանդեմիայիով պայմանավորված իրավիճակի պատճառով, ուստի՝ ֆոտոշարքը հարսանեկան էր: Լիլիթը հարսի 2 զգեստ ընտրեց, առաջինն իր ցանկությամբ, երկրորդը՝ Ալեքի:

Զույգը նախատեսում է հարսանիք ունենալ 2021 թվականին՝ Բալիում, որտեղ սկսվել է նրանց սիրո պատմությունը:

Լիլիթը ոգևորությամբ պատմեց, որ գտել է իր երազանքների տղամարդուն: Իրենց սիրո պատմությունը հաղորդավարուհին բնորոշում է խենթ: Առհասարակ, իրենց համարում է շատ ակտիվ խենթ զույգ, սիրում են շրջագայել, պարել:

Ալեքը Բելառուսից է, 15 տարի է՝ գործի բերմամբ ապրում է Չինաստանում, որտեղ, Լիլիթի խոսքով, ունի իր IT ընկերությունը: Մասնագիտությամբ ծրագրավորող է:

«Միշտ երազել եմ, որ ամուսնուս գործը լինի համակարգչով, այսինքն` հեռակա, որպեսզի կարողանանք մշտապես ճանապարհորդել: Նրա հոբբին սպորտն ու լեզուներն են: Ինձ համար միշտ կարևոր է եղել, որ տղամարդն առողջ ապրելակերպ վարի, ինչպես ես,- ոգևորությամբ ասաց Լիլիթն ու հավելեց, որ մտադիր են շատ ճամփորդել, բնակության հստակ վայր չեն ֆիքսել,- մենք սիրում ենք արև, տաք եղանակ, մտադիր ենք ձմեռել Բալիում, որը մեզ համար արդեն տուն է դարձել:

Անչափ սիրում ենք Հայաստանը, տարվա մեջ մի որոշ ժամանակ կլինենք Հայաստանում: Հետագայում գուցե մեկնենք ԱՄՆ: Աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ ծրագրելն այս պահին այնքան էլ ճիշտ չէ, ուստի՝ այս տարի կլինենք Հայաստանում»:

Լիլիթի և Ալեքի հարաբերությունները բավականին արագ են զարգացել.

«9 ամիս է, ինչ միասին ենք, սակայն ոչ ոքի այդքան լավ չեմ ճանաչում, որքան իրեն, և ոչ մեկ ինձ այդքան լավ չի ճանաչում, որքան Ալեքը»:

Նա պատմեց, որ Ալեքն իր կյանքում հայտնվել է հենց այն փուլում, երբ չէր մտածում անձնական կյանքը դասավորելու մասին.

«Իմ մեջ ինքնաճանաչման շատ խորը փուլ էր ընթանում, ես ճանապարհորդում էի. հասել էի իմ սիրելի Բալի կղզի: Այդ փուլում չէի էլ մտածում ինչ-որ հարաբերության մասին, կենտրոնացումս ինձ վրա էր` ավելի զարգանալու և խորացնելու հոգեբանական գիտելիքներս: Մի քանի օրով ընկերուհուս մոտ գիշերելու համար պատահական հայտնվեցի շատ գեղեցիկ մի հյուրատանը:

Վերջնականապես համոզվեցի, որ պատահական ոչինչ չի լինում: Ինձ շատ դուր եկավ այդ հյուրատունը, որոշեցի ավելի երկար մնալ և մասնակցել այնտեղ ընթացող բոլոր հետաքրքիր դասերին, ինքս յոգա դասավանդել: Հունվարն էր, մի գեղեցիկ առավոտ մտա ընդհանուր խոհանոց` միրգ վերցնելու, ընթացքում հայերեն խոսում էի հեռախոսով: Նկատեցի, որ երկու հոգի խոսում են, նրանցից մեկն ինչ-որ նոր տղամարդ է, ում դեռ չեմ ճանաչում (հյուրատանը բոլորս գիտեինք իրար, ապրում էինք ինչպես մի մեծ ընտանիք):

Մեր հայացքները հանդիպեցին, այդ պահին կարծես ամբողջ աշխարհը դադարեց գոյություն ունենալ, պահը սառեց, մի քանի վայրկյանը դարձավ հավիտենական: Այդ մի քանի վայրկյանում զգացի սեր, կոմֆորտ, հարազատություն, կիրք: Այնուհետև լքեցի խոհանոցը: Ինչպես հետո իմացա, նա հետաքրքրվել էր, թե ինչ լեզվով եմ ես խոսում, քանի որ նա սիրում է ուսումնասիրել լեզուներ, տիրապետում է 13 լեզվի: Նրա համար, կարծես, չկային «անծանոթ լեզուներ»»:

Դերասանուհու խոսքով՝ Ալեքը եկել էր Բալի հանգստանալու, սակայն սկսվեց պանդեմիան, նա հետաձգեց իր թռիչքը դեպի Չինաստան:

«Ավելի ուշ իմացա, որ թռիչքը փոխել էր նաև այն պատճառով, որ սիրահարվել էր: Մենք սկսեցինք շփվել, առավոտյան նայում էինք` ինչպես է արևը ծագում, մարզվում էինք միասին, պատրաստում համեղ ուտելիքներ:

Շուտով ինձ բռնացրի այն մտքի վրա, որ իր հետ շատ կոմֆորտ է. կարծես ընտանիք լինեինք: Դե, երկար ժամանակ հեռու էի ընտանիքիցս, ու կարոտել էի այդ զգացումը: Կիսվում էինք միմյանց հետ, պատմում, ֆիլմեր դիտում. առավոտից երեկո միասին էինք: Դարձել էինք ամուր ընկերներ, նաև սիրահարված էինք: Ես նրա մեջ տեսնում էի այն ամենը, ինչ իմ մեջ բացակայում էր` դիսցիպլինա, ստաբիլություն, ուժ, ոչ էմոցիոնալություն, հստակություն և շատ այլ որակներ:

Իսկապես նա այն տղամարդն է, ում մասին այդքան երազել եմ և միշտ հավատեցել, որ մի օր մեր ճակատագրերը կբախվեն»,- ընդգծեց Լիլիթը:

Այս ամենին հետևել է զույգի՝ տարբեր երկրներում հայտնվելն ու տևական բաժանումը, սակայն, ըստ հաղորդավարուհու, հեռավորությունը միայն դրական է ազդել իրենց հարաբերությունների վրա:

«Ալեքը պետք է գնար Չինաստան, որպեսզի համակարգիչը բերեր ու կարողանար աշխատել: Առաջարկեց, որ ես էլ իր հետ գնամ: Դա հենց այն ժամանակն էր, երբ Չինաստանն ամենածանր վիճակում էր Կորոնավիրուսի առումով: Ասացի, որ ծնողներս կանհանգստանան, հրաժարվեցի գնալ:

Նա խոստացավ, որ համակարգիչը կվերցնի ու հետ կգա: Սակայն նրա՝ Չինաստան հասնելուն պես Բալին իր սահմանները փակեց, նա չկարողացավ վերադառնալ: Այդ ժամանակ մեր հարաբերություններում սկսվեց մի նոր փուլ: Ճակատագիրը փորձեց ստուգել մեր հարաբերությունների ամրությունը. սկսեցինք ավելի մտերմանալ, ավելի շատ շփվել, կիսվել:

Սկսեցինք միասին գրքեր կարդալ, քննարկել, վիդեոզանգերի միջոցով շփվել և այլն: Ֆիզիկապես մեր բաժանումն ավելի մտերմացրեց մեզ և ամրացրեց մեր հարաբերությունները: Սերը հաղթում է»,- ասաց դերասանուհին:

Ըստ Լիլիթի՝ երբեմն բախումներ լինում են, բայց մենթալիտետների շատ մեծ տարբերություն չեն զգում: Դերասանուհին վստահ է՝ սերն ամեն բան կհաղթի.

«Սերը հարցեր չունի… ոչ ազգություն, ոչ աչքերի գույն, ոչ էլ այլ բան: Երբեք: Մենք խոսում ենք անգլերեն և ռուսերեն: Գիտենալով նրա սերը լեզուների հանդեպ` համոզված եմ, որ հայերեն նույնպես կսովորի:

Ես միշտ կատակում եմ`ասելով թող քեզնից գաղտնի մի լեզու լինի, որ ընկերուհիներիս հետ խոսեմ, չհասկանաս: Նա էլ պատասխանում է՝ ինձ 2 տարի մնաց: Նախկին Սովետական Միության երկրները բավականին նման են իրենց մենթալիտետով: Բախումներ լինում են, այո, և դա բնական է, կարևորն այն է, որ հասկանաս քո դասն այդ վեճից:

Մեր վեճերը տևում են 3-7 րոպե, կամ ես եմ գնում գրկում իրեն, կամ ինքն ինձ: Այնուհետև զրուցում ենք, քննարկում,  թե ինչ անենք, որ խնդիրը չկրկնվի: Եթե ուզում ես ունենալ իդեալական հարաբերություն, պիտի գիտակցես, որ դա երկկողմանի աշխատանք է: Մեր երկուսի մտադրությունն էլ միանալու սերն ու աջակցությունն է, իսկ մնացածն արդեն ժամանակի խնդիր է»:

Ալեքն ու Լիլիթը միմյանց ընտանիքների հետ ծանոթացել են ամուսնությունից հետո. «Մենք շատ երկար սպասեցինք, որ սահմանները բացվեն, սակայն ոչինչ չէր փոխվում: Իրար հանդիպելու միակ տարբերակը Բելառուս մեկնելն էր, քանի որ այն երբևէ չէր փակել իր սահմանները: Ես Բալիից թռա Բելառուս, ինքը` Չինաստանից:

Հենց Բելառուսում էլ ամուսնությունը գրանցեցինք զագսում, և ինքն արդեն որպես իմ ամուսին կարողացավ մուտք գործել Հայաստան: Ծնողներս վիդեոզանգերով խոսում էին իր հետ, բավականին մտերմացել էին: Իմ կյանքում ահա այսպիսի խենթ բան ստացվեց. ծնողներս իրենց փեսային առաջին անգամ տեսան, երբ նա արդեն իմ ամուսինն էր: Ասացի՝ մա´, պա´, ծանոթացեք ամուսինս է: Մերոնք ինձ վստահում էին, այնուամենայնիվ, շատ հուզիչ էր, երբ առաջին ընթրիքի ժամանակ Ալեքը հորիցս խնդրեց իմ ձեռքը, չնայած ես արդեն իր կինն էի: Ալեքին բոլորը սիրում են:

Հատկապես մայրս շատ ուրախ էր ինձ համար, ասում է` ոսկի տղա է Ալեքը: Հայրս սկզբում ստուգիչ հարցեր էր տալիս, մի քիչ անհանգիստ էր, հիմա ինքն էլ է համոզված, որ մենք լավ ընտանիք ենք ստեղծել: Մենք բոլորս արդեն մի ընտանիքի պես ենք»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *