Դիմակ չկրողները կտուգանվեն. ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայության․ Տեսանյութ

Կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով ՀՀ ոստիկանությունն այսօրվանից անցնելու է ուժեղացված ծառայության ռեժիմի: Տեղեկությունը տարածել է ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Ոստիկանությունը մեր երկրի սահմաններին մարտական գործողությունների սկսվելուց հետո էլ, չնայած գործառույթների ընդլայնմանն ու գերծանրաբեռնվածությանը, շարունակել է համավարակի տարածման դեմ ուղղված գործողությունները: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով հանրության հոգեբանական վիճակը՝ ոստիկանությունը հնարավորինս ձեռնպահ է մնացել իրավազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելուց՝ վստահելով հասարակության բարձր ինքնագիտակցությանը և բավարարվելով զգուշացումով ու հորդորով:Ցավոք, պարզվում է, մեր որոշ քաղաքացիներ թյուր ըմբռնում ունեն քաղաքացիական պարտքի և հանրային ինքնահսկողության մասին և բացահայտ անտեսում են անվտանգության կանոնների պահպանումը, ինչի հետևանքով կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացողների թիվը»,– գրված է հայտարարության մեջ:

Ոստիկանությունը նշում է` սա այսօր ոչ միայն հանրային առողջության, այլև ազգային անվտանգության հարց է, որովհետև լուրջ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ գերծանրաբեռնված բուժհաստատությունների համար:

«Նման իրավիճակն անհանդուրժելի է: Ոստիկանությունն այսօրվանից այս ուղղությամբ անցնելու է ուժեղացված ծառայության ռեժիմի: Ողջ ծավալով իրականացվելու են հակահամավարակային անվտանգության կանոնների վերահսկման բոլոր գործառույթները: Անվտանգության կանոնները խախտողներն անխտիր կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ տուգանքի տեսքով:

Ոստիկանությունը կոչ է անում ըմբռնումով մոտենալ այսպիսի գործողությունների անհրաժեշտությանը և ոստիկանների հետ համագործակցությամբ նպաստել մեր հաղթանակին նաև այս ճակատում:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 73310–ի։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *