Դպրոցներում դիմակներ կրելու հարցով հայց կներկայացվի դատարան ընդդեմ Արայիկ Հարությունյանի

Փաստաբան Վլադիմիր Գաբրիելյանը պատրաստվում է հայցադիմում ներկայացնել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝  դպրոցներում դիմակներ կրելու պահանջի վերաբերյալ հարցադրումների վերաբերյալ պատշաճ պատասխաններ ստանալու ակնկալիքով։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրեց Վլադիմիր Գաբրելյանը։

Վերջինս դեռևս օգոստոսի 24–ին փաստաբանական հարցում էր ուղարկել նախարարին՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների՝ դիմակ կրելու պահանջի վերաբերյալ։

 Փաստաբանը մասնավորապես հետաքրքրվել էր, թե որքանո՞վ է իրավաչափ դպրոցներում 7–ից 11 տարեկան երեխաների դիմակ կրելու պահանջի վերաբերյալ կայացված որոշումը, ո՞րն է դրա իրավական հիմքը, արդյոք այդ որոշման հիմքում դրվե՞լ է որևէ բժշկական եզրակացություն (օրինակ՝ քանի ժամ անընդմեջ երեխան կարող է կրել դիմակ), եթե այո, ո՞ր բժշկական հաստատության կողմից։ Գաբրիելյանը հարցրել էր նաև, թե դիմակ կրելու պահանջի չկատարումը ի՞նչ հետևանքներ (պատասխանատվության ինչպիսի միջոցներ) կարող է առաջացնել, ո՞վ է ենթակա պատասխանատվության անչափահասի կողմից դիմակ չկրելու պահանջի խախտման համար, ինչպե՞ս է կազմակերպվելու երեխայի կրթական հետագա գործընթացը վերջինիս կողմից դիմակ կրելու պահանջը չկատարելու դեպքում, արդյոք երեխայի կողմից դիմակ կրելը չի առաջացնի առավել վտանգավոր առողջական խնդիրներ երեխայի համար և այլն։ Գաբրելյանը միաժամանակ պահանջել էր պատասխանները հիմնավորել համապատասխան փաստաթղթերով։

Ի պատասխան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների՝ դիմակ կրելու պահանջի հիմքը հանրային փակ և բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարետի որոշումն է։

Ըստ նախարության պաշտոնյայի՝ առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման դեպքում ի հայտ եկող հնարավոր ռիսկերի բացահայտումը և առողջապահական բնույթի կարգավորումներն իրականացվել են ոլորտի պատասխանատու գերատեսչության՝ առողջապահության նախարարության կողմից։ Իսկ ուսումնական հաստատությունների տնօրինությունը և մանկավարժական համակազմը թե դիմակների կրման և թե մյուս հակահամաճարակային կանոնների պահպանման շուրջ պետք է հոգեբանական և բացատրական աշխատանքներ իրականացնեն։

NEWS.am–ի հետ զրույցում Վլադիմիր Գաբրելյանը նշեց, որ փաստաբանական հարցմանը հստակ և սպառիչ պատասխան չի տրվել, ներկայացված պատասխանները կապ չունեն հարցադրումների հետ։ Նման  պայմաններում փաստաբանը պատրաստվում է հայցադիմում  ներկայացնել Վարչական դատարան, խնդրելով դատարանին՝ պարտավորեցնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցադրումներին տալ հստակ պատասխաններ և հիմնավորումներ։

«Ես կասկածներ ունեմ, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների՝ դիմակ կրելու պահանջի որոշման հիմքում որևէ ուսումնասիրություն կամ բժշկական եզրակացություն դրված չէ։ Այստեղ շատ հարցեր կարգավորված չեն։ Կարևորելով երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը, ցանկացա պարզել,  եթե երեխան հրաժարվի դիմակ կրել,  ո՞րն է լինելու հետևանքը, ի՞նչ  է լինելու այդ երեխայի հետ, միգուցե նրան դպրոցից հեռացնելու՞ են, չե՞ն թողնելու մասնակցի դասերին, հեռակա ձևո՞վ է կազմակերպվելու ուսուցումը, ի՞նչ է լինելու, հայտնի չէ. այս հարցերի պատասխանները չկան»,–ասաց փաստաբանը հավելելով, որ վաղվանից դասերը մեկնարկում են, սակայն ծնողների և ուսուցիչների համար այս հարցերը կանխատեսելի չեն։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *