Եթե մեր զինվորներն իրենց կյանքը վտանգելով կանգնում են առաջնագծում, բուժաշխատողներն ինչպե՞ս կարող են թողնել հիվանդին ու գնալ, թաքնվել տանը. անձնվեր բժիշկը

mediamax.am-ը գրում է.

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացում ներգրավված է ավելի քան 3 000 մասնագետ։

Նրանցից շատերն աշխատում են գրեթե 24/7 գրաֆիկով։ Օրինակ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Կարեն Տոնոյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անհետաձգելի ընդունարանի բաժանմունքի վարիչը։ Վերջին անգամ ե՞րբ է հանգստացել, արդեն չի հիշում։ Բայց փոխարենը երբեք չի մոռանա կորոնավիրուսով վարակված 101–ամյա Նազանի Սիմոնյանին։ Շաբաթներ առաջ նրան անձամբ էր ընդունել ու առաջինը ախտորոշել երկկողմանի թոքաբորբ։

Կյանքը փրկել հաջողվեց, եւ երբ երեք օր առաջ Նազանի տատիկին տուն էր ճանապարհում, երջանիկ էր, որ տատիկն իր 80-ամյա դստերն էլի է տեսնելու։

Հոգեբանական անվերջություն

Բժիշկ Կարեն Տոնոյանի երեխան հինգ ամսական է։ Բժիշկը օրեր շարունակ նրան չի գրկում, տեսնում է միայն էկրանից։

«Սկզբնական շրջանում ես տուն չեմ գնացել։ Հիմա, օրեր շարունակ չեմ կարողանում հասկանալ, օրը երբ է սկսվում, երբ է ավարտվում։ Իսկ երբեմն էլ, երբ ավարտվում է, ուզում եմ քնել, բայց հոգնածությունից չեմ կարողանում», — պատմում է բժիշկն ու նաեւ հստակեցնում՝ չի դժգոհում։

«Երբ տեսնում եմ, թե իմ ավագ գործընկերներ-ղեկավարները, օրինակ՝ բժիշկներ Գրիգոր Մանուչարյանն ու Սարգիս Ղազարյանը, ինչպես են աշխատում առանց տրտնջալու, առանց նույնիսկ հոգնած լինելու մասին մեկ բառ ասելու կամ իրենց ինքնազգացողության մասին խոսելու, ես ինչպե՞ս կարող եմ դժգոհել կամ խոսել այդ մասին»։

Այն, որ հիվանդանոցում օրն ավարտ չունի, հատկապես ակնհայտ է դառնում, երբ ավելանում են ծանր հիվանդները։

«Իմ հերթապահության հատկապես երկու գիշեր չեմ կարողանում մոռանալ, դրանց թողած հոգեբանական հետքը շատ ծանր է. կորոնավիրուսով վարակված երկու հիվանդի մահվան դեպքեր էին։ Նույնիսկ այս պահին չեմ կարողանում խոսել մանրամասների մասին։

Այս օրերին ես հասկացել եմ, որ կա մի բան, որի հետ չեմ կարողանում հաշտվել՝ մահը։ Չեմ ուզում այլեւս մահ տեսնել։ Ես հրաժարվում եմ դա տեսնելուց։ Ինձ համար դա արդեն անտանելի ցավոտ է»։

Բժիշկն իր համար նաեւ բացահայտել է, որ դիմակն այնքան էլ վատ բան չէ, նույնիսկ փոշմանում է, որ նախկինում մշտապես չի կրել։

«Բայց երբ այս ամենը մի օր ավարտվի, այս պաշտպանիչ համազգեստ-հագուստս մի կողմ եմ նետելու, շատ անհարմար է, ծանր», — ծիծաղելով ասում է բժիշկը։

Առանց տարակուսանքի

«Երբ սկսեցին կամավոր հերթագրումներ իրականացնել, թե ո՞վ է ուզում աշխատել այս շրջանում, ով ոչ, ռեանիմատոլոգների կարծիքը նույնիսկ չեն էլ հարցրել, որովհետեւ մենք այսպես, թե այնպես աշխատում ենք, այլընտրանք չունենք։ Բացի դա էլ, ի՞նչ այլընտրանքի մասին է խոսքը, եթե այս մասնագիտությունն ենք ընտրել։ Նույնիսկ քննարկումներն են ավելորդ», — ասում է Կարեն Տոնոյանը։

Վարակակիր բուժաշխատողներին է անդրադառնում, բացատրում, որ նրանք հիգիենայի բոլոր կանոնները խստությամբ պահպանում են, բայց չհիվանդանալու ոչ մի երաշխիք չունեն։

«Եթե մեր զինվորներն իրենց կյանքը վտանգելով կանգնում են առաջնագծում, բուժաշխատողներն ինչպե՞ս կարող են թողնել հիվանդին ու գնալ, թաքնվել տանը։ Բուժաշխատողները պետք է լինեն առաջին գծում եւ կռվեն»։

Չինական փորձը

Կարեն Տոնոյանը նկարագրում է, որ երբ լուրերը սկսել էր ողողվել Covid-19-ի տարածման մասին նորություններով, այն «հեռու էր» թվում։

«Բայց երբ սկսեց տարածվել Եվրոպայում, հետո հարեւան Իրանում, մենք զգաստացանք։ Սկսեցինք ուսումնասիրել հիվանդությունն ու այն ամբողջ մասնագիտական հետազոտություններն ու գրականությունը, որը հնարավոր էր գտնել»։

Ինչպես այս վիրուսի պարագայում տարբեր ու անկանխատեսելի է հիվանդությունը, այնպես էլ՝ հիվանդները։ Կորոնավիրուսով վարակվածների հոգեբանական դիմանկարը մյուս հիվանդներից տարբերվում է՝ տագնապի զգացողություններ արթնացնող խանգարման ախտանշաններ են հաճախ նկատվում։

«Նրանք շարունակ վախենում են անհայտությունից, չգիտեն՝ ինչպիսին է լինելու հիվանդության ելքը։ Անորոշությունը տագնապ է ծնում»։

Առանց խուճապի

Սկզբնական շրջանում անորոշություն նկատվել է նաեւ բժիշկների մոտ՝ հիվանդությունը եղել է նոր ու անծանոթ։ Եվ այդ ժամանակ, եւ հիմա, առաջ մղող խորհուրդը մեկն է եղել՝ խուճապի չմատնվել։

«Խուճապի պետք չէ մատնվել, որովհետեւ, ի վերջո, ինչպես գրիպի պարագայում է, այս հիվանդությամբ մի օր բոլորն են վարակվելու, բայց հիմա պաշտպանվել է պետք։ Կարելի է հիվանդանալ, բայց ոչ մեծ խմբերով, ոչ մեծ քանակով։ Քանակը այս պարագայում բուժման որակ է որոշում։ Խուճապ պետք չէ, բայց զգուշանալը պարտադիր է»։

Հիմա շնորհակալ են

«Գիտե՞ք, ինչ է փոխվել կորոնավիրուսային այս ամիսներին։ Մեր կյանքում ավելացել է «շնորհակալություն» բառը։ Մարդիկ սկսել են շատ հաճախ մեզ շնորհակալություն հայտնել, ինչը շատ է զարմացնում։ Նախկինում մարդուն փրկելու համար մենք անում էինք անհնարը, եւ շատ հաճախ երախտիքի խոսքերի փոխարեն մեզ ասում էին, որ դա մեր պարտքն է։ Հիմա անընդհատ ենք լսում այդ «շնորհակալություն» բառը։ Նույնիսկ զարմանում ենք, երբ մարդուն փրկել չի հաջողվում, բայց միեւնույնն է, զանգահարում եւ շնորհակալություն են հայտնում, որ մենք փորձել ենք։ Սա իսկապես չափազանց կարեւոր է»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *