Եկեք՝ որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր գնում ենք ընտրությունների. Նիկոլ Փաշինյան

Եկեք՝ որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր գնում ենք ընտրությունների։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման իր առաջարկին։

Հարցին՝ արդյոք կա՞ն բաներ, որոնք մինչեւ ընտրությունների անցկացումը փոխվելու են, Փաշինյանն ասել է, որ դա նույնպես պետք է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկման թեմա դառնա.

«Այո, մենք այսօր ունենք խորհրդարանական մեծամասնություն, որով կարող ենք այդ հարցերը լուծել, քննարկել «Իմ քայլը» խմբակցության ներսում գալ համաձայնության եւ լուծել։ Բայց մենք ուզում ենք, որ նաեւ այդ թեմաներով լինի քննարկում, եւ մենք լսենք տեսակետներ, բովանդակային քննարկում ունենանք ամեն ինչի մասին։ Այսքան ժամանակ ես ոչ լրագրողների, ոչ որեւէ մեկի հետ զրույցում չեմ խուսափել որեւէ հարցի պատասխանելուց։ Մարդիկ պնդում են, որ դավաճա՞ն է, ինձ մեղադրում են դավաճանության մեջ։ Շատ լավ, պատրաստ եմ առերեսվել այդ մեղադրանքի հետ, թող մարդիկ որոշեն՝ դավաճա՞ն եմ, թե՞ ոչ։ Ես խուսափո՞ւմ եմ որեւէ մեղադրանքից։ Շատ լավ, ընտրական օրենսգիրք, ես ունեմ իմ պատկերացումները՝ դա ինչպիսին պետք է լինի, թող մյուսներն էլ ասեն իրենց պատկերացումները»։

Անդրադառնալով դատական համակարգին՝ Փաշինյանն ասել է. «Դատական համակարգը պսեւդո-էլիտայի մասն է դարձել»։

Հարցին՝ արդյոք նման համակարգով ընտրությունների գնալը ճի՞շտ է, Փաշինյանը նշել է. «Ուրեմն եկեք՝ որոշենք, որ դատական համակարգի հարցը լուծում ենք, նոր գնում ենք ընտրությունների։ Իմ ասածն առաջարկ է, իմ ասածը պարտադրանք չէ եւ չի էլ կարող լինել։ Եկեք՝ որոշենք, որ դատական համակարգի հարցը էս-էս ձեւով լուծում ու գնում ենք ընտրությունների»։

Հարցին՝ արդյոք ինքը մոտավոր ժամկետի վերաբերյալ պատկերացում ունի՞, վարչապետն ասել է. «Ես չեմ ուզում իմ պատկերացումները որեւէ կերպ առաջադրել որպես նախապայման։ Կարող է՝ պարզվի, որ մենք Սահամանդրության մեջ, ընդ որում Խորհրդարանն այդ հոդվածները կարող է փոխել, փոփոխություն ենք անում եւ ասում ենք՝ Խորհրդարանը կարող է ինքնալուծարման եւ արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնել»։

Փաշինյանը շեշտել է, որ իր համար կարեւորագույն սցենարը հետեւյալն է. պետական հեղաշրջման սցենարները պետք է բացառվեն։

Անդրադառնալով ընդդիմախոսների դիտարկմանը, որ դա պետական հեղաշրջում չէ, անում են այն, ինչն արել է Փաշինյանը, վարչապետն արձագանքել է. «Իրենք ունեցել են դրա հնարավորությունը՝ ժողովրդական պահանջ գեներացնելու։ Ընդ որում, դրա համար ծախսել են անսահմանափակ փող։ Որեւէ մեկը չի կարող ասել, որ իշխանությունը բիրտ ուժ է կիրառել եւ իշխանությունը պահպանել։ Մեզ մեղադրում ենք, որ մենք շատ մեղմ ենք»։

Հարցին՝ արդյոք խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի կողմից արձագանք կա՞՝ արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկի վերաբերյալ՝ Փաշինյանն ասել է. «Ես կարծում եմ, որ քննարկումներ տեղի կունենան, եւ այդ քննարկումների արդյունքում կգանք որոշման»։

Դիտարկմանը, որ մարդիկ հոգնել են տարիներ տեւող ներքաղաքական ռեսուրսը մաշող բանավեճերից. Լեւոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան. անընդհատ հետ նայելով՝ մարդիկ չեն ուզելու Հայաստանում ապրել, Փաշինյանը համաձայնել է այդ դիտարկմանը. «Պատերազմի ընթացքում երբ Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներն այդպիսի նախաձեռնությամբ հանդես էին եկել, ես համաձայնվեցի այդ նախաձեռնությանը։ Հիմա էլ է պետք նման մթնոլորտ ձեւավորել, բայց մարդիկ շատ հարցեր ունեն։ Եվ ես ասում եմ, որ եթե այդպես է, ի վերջո մեր նպատակը ժողովուրդն է, ժողովուրդն իր հարցերի պատասխանը ստանա, որ ժողովուրդը տեսնի ապագան, որ ժողովուրդը հավատա ապագային»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *