Էսօր իմ խոսելուց հետո կարող է նորից քրեական գործեր ծագեն

Մենք երեկ հրապարակել էինք ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի հետ բացառիկ հարցազրույցի առաջին մասը, որտեղ նա պատմում էր, թե ինչպես են արցախյան պատերազմի ժամանակ իրեն ճակատ ուղարկելու փոխարեն առեւանգել ու տարել Շուշիի բերդ, որտեղ պահել են թուրք գերիների հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցի երկրորդ հատվածը։

— Պարոն Երանոսյան, պատերազմի օրերին էլ, հիմա էլ շատ է խոսվում դավաճանների մասին։ Նախ տեղեկություն տարածվեց, որ բանակի ներսից ինֆորմացիա է հաղորդվել թշնամուն, կոորդինատներ են տվել նրանց, ինչի արդյունքում կարողացել են ոչնչացնել մեր պահեստները, հրամանատարական կազմը։ Հիմա էլ ասում են՝ գլխավոր դավաճանը երկրի բարձրագույն իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ի՞նչ կասեք սրա մասին։

— Դավաճանություն գործելը ղեկավարության սխալ ռազմավարություն անելն է: Ինչ մնում է, որ տվել են կոորդինատներ ու աշխատել են թուրքերի հետ, դա երկրորդական է։ Ուրեմն ռեալ մենք էլ, Ադրբեջանն էլ տիրապետում ենք, թե դիմացներս ինչ կա, իրենք էլ են դիտում, մենք էլ ենք դիտում։ Առաջվանը չի էլ, 90-ականները չեն, որ տեսնենք՝ կրակի ուղղությունը որտեղ ա, դնենք քանոնով չափենք, ձեւենք, կոորդինատներ մշակենք, նոր կրակենք։ Հիմա կոմպյուտերի դար ա, անօդաչու սարքեր են հանում, տեսնում են՝ ով որտեղ ա։ Ի՞նչ են գտել՝ դավաճաններ կան։

— Բայց հիմա Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին են մեղադրում դավաճանության մեջ, ասում են՝ մենք կարող էինք պայքարել, Շուշին չհանձնել, բայց մի ստորագրությամբ Շուշին էլ հանձնեցին, Քարվաճառն էլ, մյուս տարածքներն էլ։

— Դե, Քարվաճառը փաստ է, որ մերն էր։ Էս գրիչն ինքն է վերցրել ու իր կեղտոտ ձեռքով ստորագրել։ Ինքը պիտի պատասխան տա էս բոլորի համար՝ ինքը եւ իր թիմը, որ էսօր աջակցում են իրեն։ Եթե թիմի մարդիկ էլ գոնե մի քիչ հայրենասիրություն ունենային, պիտի թքեին երեսին, հեռանային։

— Պարոն Երանոսյան, Ձեր դեմ հիմա քրեական գործ կա հարուցված, ի՞նչ գործ է դա, ի՞նչ են ուզում Ձեզնից։

— Չգիտեմ՝ էսօր իմ խոսելուց հետո կարող է նորից քրեական գործեր ծագեն, ամեն ինչին էլ ես պատրաստ եմ, ես պետականամետ մարդ եմ եղել, ծառայել եմ իմ պետությանը, նվիրված եմ եղել ու կատարել եմ իմ գործառույթները։ Էս 30 տարվա ընթացքում, եթե մի բան էլ կա, ես պատրաստ եմ պատիժս կրել։

— Ասում են՝ եթե 30 տարի չթալանեին, կոռուպցիայով չզբաղվեին, բանակը նորմալ զինեին, այսօր այս պարտությունը չէինք ունենա։

— Բանակն իր չափով զինված ա եղել, ասենք՝ անօդաչու սարքեր չենք ունեցել, բայց նենց չի, որ մենք հակառակորդից վատ ենք զինված եղել։ Մենք ունեցել ենք նենց բաներ, որ հակառակորդը չի ունեցել։ Միայն ու միայն 2016 թվականից հետո պարզ եղավ, թե Ադրբեջանն ինչ ձեւի պատերազմ կսկսի։ Դրանից հետո սկսվեց աշխատելն էդ ուղղությամբ՝ օդը զինել թե՛ ՀՕՊ-ով, թե՛ անօդաչու սարքերով։ Թող էսօր չպատճառաբանեն, որ մենք չենք ունեցել։ Խի՞ չեք ունեցել։ Ունենայիք վերջին երկու տարում։ Չունենայինք սամալյոտ՝ ունենայինք դա։ Օգտագործե՞ց հակառակորդը ԱԹՍ-ներ՝ մենք էլ օգտագործեինք։

— Մովսես Հակոբյանի ասուլիսը, ենթադրում եմ, դիտել եք, ի՞նչ կարող եք ասել նրա հայտարարությունների մասին՝ Աննա Հակոբյանից սկսած, որ բունկերում էր հայտնվել։

— Դե, դա ես Ղարաբաղում եղած ժամանակ տեղյակ էի, որ Աննա Հակոբյանը բունկերում է։ Բայց ի՞նչ գործ ուներ Աննա Հակոբյանը բունկերում պատերազմի ժամանակ։ Դա աբսուրդ եմ համարում ես։ Եթե կար գեներալ-գնդապետ Խաչատուրով Ղարաբաղում, պատերազմի ու բանակի գիտակ մարդ, ու թույլ չէին տալիս նրան բունկեր մտներ, ո՞նց կարող էր էնտեղ հայտնվել մի մարդ, որ չգիտի, օրինակ, ավտոմատներից որը ինչ ա։ Պատերազմը նայելու համար չի, պատերազմը կռվելու համար ա։

— Իսկ Մովսես Հակոբյանի ասածների մեջ կա՞ն բաներ, որոնք Ձեզ համար խնդրահարույց են, կամ համաձայն չեք դրանց հետ։ Այս պահին զինվորականներից նա դեռեւս միակն է, ով խոսեց ու այդքան բան ասաց։ Հիմա Դուք երկրորդ գեներալն եք, որ խոսում եք։

— Ես ասում եմ՝ ժամանակը կգա, փակագծեր կբացեմ։ Ու Հակոբյանին էլ չեմ ուզում ասել՝ սա ճիշտ ասեց, նա սխալ ասեց։ Մոսին ռազմական գործի գիտակ մարդ է, նա պատերազմ անցած տղա է, գիտեր՝ որ ծառն ինչ միրգ է տալիս։ Կան բաներ, որ ինքն էսօրվա ղեկավարությանը մոտ է եղել, տիրապետում է, Ղարաբաղում ինչ է կատարվել՝ տիրապետում է, պլյուս՝ վարչապետի հետ զինվորական հարցերով անմիջական շփում է ունեցել, ինքը գիտի՝ ինչ ելույթ ունեցավ, ինչ ասեց։ Թող արդեն Նիկոլը վերլուծի, ինքը վերլուծի, եւ վերջում ժողովուրդը վերլուծի։

ՀԳ․ Լեւոն Երանոսյանի հետ մեր զրույցի վերջին մասը՝ ոստիկանական գործողությունների, 2018-ի դեպքերի մասին, կհրապարակենք մեր հաջորդ համարում։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *