Ժողովուրդը տերտերի դղյակն էլ է տեսել, սիրուհիներին էլ անունով է ճանաչում. երգահանը կաթողիկոսների կոչի 2 պատճառ է տեսնում

Արամ Առաջին եւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսների հայտարարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին՝ երեկ շատերին էր հիշեցրել նախկին բազմաթիվ իրավիճակները, որոնց ժամանակ հանրությունը սպասել, սակայն եկեղեցու կողմից ոչ մի կոչ չի լսել:

Եկեղեցին նախկինում նույնիսկ ամենասուր իրավիճակներում լուռ է մնացել՝ այդ ամենը բացատրելով օրենքով պետությունից անջատ լինելու եւ քաղաքականությանը չխառնվելու հանգամանքով:

Վերջին շրջանում, սակայն, այդ լռությունը խաթարվել է: Ընդամենը վերջերս Գարեգին Բ-ն իշխանություններին կոչ էր անում կորոնավիրուսի վտանգից ելնելով ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, երբ լռել էր Մարտի 1-ից հետո քաղաքական դրդապատճառներով ազատազրկված անձանց բանտարկության մասին: Օրերս էլ նա մի նույնպիսի աննախադեպ կոչով դիմեց վարչապետի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում հացադուլ հայտարարածներին, երբ լռությամբ էր հետեւել Հաց բերողի հացադուլին:

Թե որն է եկեղեցու այս պահվածքի պատճառը՝ մեզ զրույցում իր տեսակետն է ներկայացրել երգահան, սցենարիստ, բեմադրիչ Էդուարդ Զորիկյանը:

— Պարոն Զորիկյան, երկրում դժվար իրավիճակ է, մարդիկ դժգոհ են պատերազմի ելքից: Զոհերի ու գերիների փաստը հոգեպես շատ ծանր է: Բայց այս համատեքստում ինչանո՞վ եք ընդունելի համարում Կաթողիկոսների հայտարարությունը: Սա կարելի՞ է համարել միացում 17 ուժերի պահանջին:

— Կարծում եմ երկու պատճառ կարող է լինել այդ հայտարարությունների համար. մեկը՝ քաղաքացիական պատերազմի վտանգ, մյուսը՝ երկու կաթողիկոսների հովանավորների կորստի վտանգ: Այս երկու պարագան կարող էին դրդել հոգեւոր հայրերին նման հայտարարություն անել:

— Հովանավորների կորստի վտանգ ասելով ի՞նչ նկատի ունեք:

— Ես գիտեմ, որ 16 թե 17 (մինչեւ վերջ էլ թիվը չիմացա) կուսակցությունների պահանջին միացել են նաեւ օլիգարխներ Հայաստանից, Ռուսաստանից, ինչքան գիտեմ դրսից որոշ մեծահարուստներ նաեւ: Նրանք այն մարդիկ են, որոնք միշտ եկեղեցուն նվիրատվություններ են արել:

— Այսինքն նրանց այս կոչը կարող է արված լինել այդ հովանավորների պահանջով կամ խնդրանքով կամ հորդորո՞վ:

— Կարծում եմ՝ հա, իհարկե առաջնայինը քաղաքացիական պատերազմի վտանգն է: Բայց այդ պարագայում եկեղեցին պիտի կոչ անի հանդարտության, հնազանդության, ինչը միշտ արել է, եւ ոչ թե վարչապետի հրաժարականի:

— Ըստ ձեզ կա՞ քաղաքացիական պատերազմի վտանգ Հայաստանում:

-Կուզեի որ չլիներ: Ընդհանրապես քաղաքացիական պատերազմը հնարավոր է լինում, երբ հասարկությունը բաժանված է լինում երկու գրեթե հավասար մասերի: Չեմ կարծում, որ այսօր նման բան կա, որ համաշխարհային հայությունը բաժանվել է երկու հակադիր կողմերի, ու այդ ամեն ինչը կբերի քաղաքացիական պատերազմի: Բայց մյուս կողմից կարծում եմ, որ նրանք, ովքեր այսօր պահանջում են վարչապետի հրաժարականը՝ իրենք պատրաստ են գնալ այդ քայլին: Գուցե այս ամեն ինչը գիտակցելով են վեհափառ հայրերը դիմել այդ կոչով:

— Իսկ բաժանված չէ՞ այսօր հանրությունը: Մի կողմը փողոցում պահանջում է վարչապետի հրաժարական, մյուս կողմը դեմ է այդ հրաժարականին:

— Կարելի է հաշվել, թե քանի հոգի են մասնակցում հրաժարականի պահանջով տարբեր ակցիաների, միտինգների, այդ թիվը բաժանել 17-ի (դե 17 կուսակցություն են, ի վերջո), կտեսնեք, որ փոքր թիվ է դուրս գալու: Ես շեշտեցի, գրեթե հավասար մասերի: Դա է բերում է քաղաքացիական պատերազմի. երբ կամ էս կողմը պետք է հաղթի կամ մյուսը: Իսկ Նիկոլ Փաշինյանին կարծեմ 80 տոկոսից մի քիչ պակաս ընտրողներ են ընտրել, եթե հաշվի առնենք, որ մի մասն այդ ընտրողներից անցել են հակադիր ճամբար, համենայնդեպս մեր ժողովրդի 30-40 տոկոսին ես չեմ տեսնում ոտքի կանգնած:

— Վերադառնալով կաթողիկոսների հայտարարությանը. Պարոն Զորիկյան, հիշո՞ւմ եք նման դեպք, երբ կաթողիկոսն այսպիսի կոչ արած լինի, օրինակ, Մարտի 1-ից առաջ, երբ Համաժողովրդական շարժում էր ձեւավորվել:

— Հիշում եմ, որ բազմիցս կարիք է եղել ու կաթողիկոսները երբեք հանդես չեն եկել նման կոչով: Եթե հանդես են եկել, հանդես են եկել հնազանդության, միմյանց հասկանալու կոչով: Այսինքն շատ դժվար է այդքանից հետո հավատալ, որ այս ամենը ժողովրդի անունից է կամ ժողովրդի համար:

— Կարծեմ նաեւ նման դեպք չէր եղել, որ կաթողիկոսն այցելեր հացադուլավորներին:

— Դա էլ էր շատ զարմանալի, որովհետեւ ինչքան հասկացա՝ Վեհափառ հայրը ասել էր՝ սա շատ մեղմ միջոց է, ավելի գործուն ձեւեր կան պայքարի: Մի քիչ մտածելու առիթ է տալիս այդ կոչը: Ոչ բառացի, բայց ասել էր նման բան: Ո՞ւր է տանում այդ խորհուրդը, ինչի՞ է դրդում հացադուլի նստած էդ տղաներին:

— Շատերը այս առիթով հիշել էին Հաց բերողին, ով վատառողջ էր, երկար ժամանակ հացադուլի մեջ, ի վերջո քայքայվեց նրա առողջությունը, մահացավ:  

— Իհարկե, նման մարդիկ պիտի բոլորին վերաբերվեն որպես իրենց համայնքի, ժողովրդի: Վերջին սրիկան էլ ինչ-որ մի դժվարության մեջ լինի, պիտի էդ փաստը անհանգստացնի եկեղեցականին: Ցավալի է: Բայց քանի ժողովուրդը ոտքի չի կանգնել, այս ամենը փրփուրներից կախվելու գործողություններ են: Ի վերջո ժողովրդի աչքի առաջ են եղել բոլորը, բոլորը իշխանության եղել են, բացառությամբ մի քանի կուսակցությունների, որ միշտ կողքից քայլող են եղել: Մնացածը բոլորն էլ եղել են իշխանության՝ մաքսիմում իրենց թույլատրված ժամկետով: Մյուսներն էլ կոալիցիա են եղել, համատեղ գրպանել են ՀՀ բյուջեն, չէ՞ որ այդ ամենը ժողովրդի աչքի առաջ է կատարվել, ժողովրդի գրպանից է թալանվել, գողացվել եւ ժողովուրդը այդ ամենը հիշում է: 100 տարուց ավելի է՝ ժողովուրդը հիշում է ցեղասպանությունը, ուզում էիք ժողովուրդը մոռանար 10, 18 տարի առաջվա գործողություննե՞րը իշխանությունների կողմից: Ո՛չ, ժողովուրդը հիշում է:

— Ի դեպ, կաթողիկոսը դիմել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով:

— Դե աբսուրդ է, աբսուրդ չի՞: Ինչքանով ինձ է հայտնի՝ եկեղեցին պետությունից անջատ է, բայց բաներ կան աբսուրդի են հասնում, իսկ ինչո՞ւ են աբսուրդի հասնում, որովհետեւ բյուջեն գրպանելու ցանկությունը, նյութական միջոցների տիրանալու ցանկությունը, անհագ ձգտումը այնքան մեծ է լինում, որ իրենց գործողությունները բերում են աբսուրդի:

— Եկեղեցին անջատ է, բայց նոր հիմնավորում կա՝ եկեղեցականն էլ քաղաքացի է:

— Քանի գործող եկեղեցական է, կարծում եմ ինքը պիտի ելնի հենց իր պաշտոնից: Ցանկացած պաշտոնյա երբ պաշտոնավարում է, պիտի իր պաշտոնավարումից ելնելով ինչ-որ բաներ անի: Եթե թողնում է պաշտոնը, կարող է հանդես գալ որպես քաղաքացի, ոչ թե կարող է, պարտավոր է:

— Երեկ էլ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էր հայտարարել, թե չի կարող վարչապետի ներկայությամբ հոգեհանգստի կարգ անել: Այս երեւույթը ինչպե՞ս կբնորոշեք, ո՞ւր է գնում մեր եկեղեցին:

— Ինչ ցանես՝ այն էլ կհնձես: Կարծում եմ էդ անձի մահից հետո դրախտի դռները չեն բացվի իր առջեւ ու իրեն կասեն ինչի համար չեն բացվում: Եթե իհարկե ինքը հավատացյալ մարդ է: Եթե նա այդպիսի մարդ է, պիտի գնաք, որպես լրագրող տեսագրեք, լուսանկարեք ունեցած դղյակները, մեքենաները, օբյեկտները եւ այլն, եւ այլն, որպեսզի հասկանանք՝ այս մարդը ում է ծառայում, Աստծո՞ւն, թե նոր տիրոջ: Որովհետեւ դրանից է երեւում: Ամենավերջին սրիկան եթե լինի, որ դիմի որեւէ բանական հարցով, ցանկացած վանական հայր պետք է ընդունի. մեղքերի թողությո՞ւն է խնդրում՝ դա լսի, այլ հարցո՞վ է դիմում՝ այլ, զավակի՞ն է ուզում կնքել՝ կնքի, միակ հարցը, որ կարող է տալ եկեղեցականը՝ իսկ կնքահայրը կնքվա՞ծ է, կամ դուք կնքվա՞ծ եք: Իսկ ի՞նչ են անում հիմա, եկեղեցու դռները՝ որպես այդ վանականի աշխատավայր կարող են չբացվել, բայց Աստծո դուռը բոլորի առաջ է բաց: Եվ ժողովուրդը Աստծուն է հավատում՝ ոչ թե տերտերին, տերտերին էլ է տեսել, տակի մեքենան էլ է տեսել, դղյակն էլ է տեսել, ամառանոցներն էլ, սիրուհիներին էլ անուններով ճանաչում է ժողովուրդը: Ի վերջո ժողովուրդը իմաստուն է: Պիտի այս ամեն ինչի միջից կարողանանք դուրս գալ հնարավորինս առանց կորուստների:

— Այս առիթներով միշտ սպասված է մտավորականության խոսքը: Կա՞ նրանց շարքերում վարչապետի հրաժարականի պահանջ:

— Կոնկրետ ես՝ չեմ կարծում, որ հրաժարականի պահն է կամ դրա կարիքը կա: Ի վերջո 17 կուսակցությունները ներկայացրին իրենց թեկնածուին: Վազգեն Մանուկյանն ասաց՝ մենք այդ եռակողմ հայտարարությանը դեմ ենք, բայց փոխելու հնարավորություն չկա: Ժողովուրդը էս բառերը լսելուց հետո ի՞նչ է մտածում: Իհարկե մտածում է՝ եղբայր, եթե այլընտրանք չկա, ինչո՞ւ եք ուզում իշխանափոխություն անել: Մենք գիտենք՝ ինչու եք ուզում, բայց դա չի լինելու, որովհետեւ էդ ամեն ինչի հետեւանքն էր էս ամեն ինչը: Ի վերջո եթե ուզում եք փոփոխություն լինի, մտեք եկեղեցի, ապաշխարհեք, ասեք գողություն ենք արել, մեղավոր ենք: Շատերի վրա քրգործեր կան, շատ էլ դեռ չկա կոնկրետ վճիռ, բայց գիտենք, որ կան այդ գործերը: Հիմա էդ մարդը ուզում է իշխանության գալ, բա ժողովուրդը չիմանա՞, էդ մարդը հանցագործ է , թե ոչ: Չէ՞ որ պիտի ղեկը վստահի մի մարդու, որը բոլորի աչքի առաջ սղոցել է ՀՀ հիմքերը, քանդել բյուջեն, բայց էդ մարդիկ էսօր ասում են՝ էլի ենք ուզում: Դե շատ բան եք ուզում՝ ժողովրդի պատասխանը սա է: Եթե վաղը կգա մեկը, ով կլինի մաքուր, ազնիվ, ժողովուրդը կկանգնի այդ անձնավորության թիկունքին, արդեն էական չի ինչ ճանապարհով իշխանության կբերի այդ անհատին: Հարցն այն է, որ էդ մարդը չկա: Քանի չկա՝ այդ մարդը Նիկոլն է:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *