Իսկ դուք տեղյա՞կ եք, թե իրականում ինչի համար են խյումիդորները

Ո՞վ գիտե, թե ինչ է խյումիդորը: Հավանաբար` քչերը: Այդ բառը ծանոթ է հիմնականում սիգարի սիրահարներին, քանի որ հենց այդ տարաներում են նրանք պահում իրենց սիգարները: Սիգարները հատուկ փայտե արկղերում կամ տուփերում (խյումիդորներ) պահելու անհրաժեշտությունը ծագել է այն հատուկ կլիմայական պայմանների պատճառով, որտեղ դրանք արտադրվել են: Սիգարի գործարանների մեծ մասը տեղակայված է արևադարձային երկրներում:

 Հետևաբար, խիստ պահանջներ են դրվում սիգարի պահպանման պայմանների համար, հատկապես այնպիսի ցուցանիշների առումով, ինչպիսիք են խոնավությունը և ջերմաստիճանը: Արևադարձային վայրերում օդի խոնավությունը 70 տոկոս է, և, ըստ այդմ, այն տարայի ներսում, որտեղ սիգարները պահվում են, խոնավությունը պետք է համանման լինի: Եթե այդ ցուցանիշը փոխվում է այս կամ այն ուղղությամբ, ապա ապրանքի սպառողական հատկությունները կորչում են, և մարդը չի կարող վայելել սիգարի նուրբ բույրը: 

Որպեսզի սիգարը միշտ ունենա իր պատշաճ տեսքը և պատրաստ լինի օգտագործման համար, պետք է նաև վերահսկել պահեստավորման ջերմաստիճանը, քանի որ այդ ցուցանիշի հանկարծակի փոփոխությունները ևս անմիջական ազդեցություն են ունենում խոնավության վրա: 

Սիգարը պահելու համար անհրաժեշտ պայմանների պահպանման համար էլ հորինվել են խյումիդորները: Այդ փայտե տուփերը պատրաստվում են բրազիլական մայրու փայտից, որը նաև կոչվում է «իսպանական փայտ»: Խյումիդորների փայտանյութի հիմնական մատակարարները այնպիսի երկրներ են, ինչպես Մեքսիկան, Կանադան և, իհարկե, Բրազիլիան: Իսկ ինչո՞վ է այդ ծառն այդքան ուշագրավ: 

Բրազիլական մայրու հիմնական օգտակար հատկությունը ավելորդ խոնավությունը կլանելու ունակությունն է, իսկ այնուհետև չորանալիս այն հետ փոխանցելը՝ դրանով իսկ թույլ տալով պահպանել խոնավության ցանկալի մակարդակ տուփի ներսում: Այդ հատկությունն էլ հենց օգտագործվում է սիգար արտադրողների կողմից: Առաջին խյումիդորն ստեղծվել է Լոնդոնում 1907 թվականին Ալֆրեդ Դանհիլի կողմից, որը երկար ժամանակ աշխատել է Կուբայում և հնարավորություն է ունեցել ծխել թարմ պատրաստված սիգարներ: 

Անգլիա վերադառնալուց հետո Դանհիլը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ իր կողմից բերված կուբայական սիգարները տարբերվում են իրենց համով կղզում ծխածներից: Դա նրան հուշել է ստեղծել հատուկ տուփ, որի ներսում կպահպանվեն կուբայական կլիմայական պայմանները: Արդյունքում նա ստեղծել է պահարան, որի ներսում, բացի սիգարներից, տեղադրվել է նաև ջրով տարա: 

Այդ առաջին խյումիդորը եղել է բավականին մեծածավալ և անհարմար օգտագործման համար: Դրա դյուրակիր օրինակները հայտնվել են միայն 1968 թվականին, որոնք սկսել են արտադրել Զինո Դավիդոֆֆի ընկերությունում: Յուրաքանչյուր տուփ իր ներսում ունեցել է հատուկ սարք` խոնավացուցիչ, որի նպատակն է եղել տուփի ներսում մշտական խոնավության պահպանումը: Ամենատարածվածները եղել են կասետային խյումիդորները, որոնք երեսպատվել են մետաղով կամ պլաստմասայով, իսկ ներսում եղել է ծակոտկեն նյութ, սովորաբար` փրփուր կամ սպունգ: 

Օգտագործողը պարբերաբար պետք է թորած ջուր ավելացներ այդ խոնավացուցիչին: Ծորակի ջուր չի օգտագործվել, քանի որ այն պարունակում է հավելումներ, որոնց հոտը կարող են կլանել սիգարները: Ժամանակակից խյումիդորները հագեցած են հիդրոմետրով` խոնավության չափման սարքով: 

Ավելի էժան խյումիդորներում հատուկ խոնավացուցիչ չի տեղադրվում` ծախսերը նվազեցնելու համար, և դրանց փոխարեն դնում են սովորական խոնավ սպունգ կամ պարզապես մի բաժակ ջուր: Էլիտար խյումիդորներում խոնավացուցիչները բարդ էլեկտրոնային սարքեր են, որոնք իրականացնում են խոնավության մակարդակի ավտոմատ կարգավորում: 

Նյութագիտության զարգացումը և խոնավության կառավարման սարքերի ավտոմատացումը հանգեցրել են նրան, որ ժամանակակից խյումիդորները պատրաստում են մետաղից և պլաստիկից, իսկ ներքին երեսպատումը՝ պարոլինով: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ բնական փայտից պատրաստված խյումիդորները ներկայումս էլ ամենաարժեքավորներն են:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *