Կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստակամություն է հայտնել ճանաչել Արցախի անկախությունը

ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին եւ Թուրքիային հասկացնի, որ եթե նրանք շարունակեն բռնություն գործադրել` հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու փոխարեն, մենք պատրաստ ենք Արցախի Հանրապետությունն անկախ պետություն ճանաչել: Այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ զրույցում` Արցախում շարունակվող հակամարտությունը քննարկելիս, փոխանցում է Asbarez-ը:

«Ես սարսափում եմ: Սա է այն, ինչի մասին երկար տարիներ նախազգուշացնում էին մեզանից շատերը, երբ մենք տեսնում էին Ադրբեջանի կողմից աճող սադրանքները Ալիեւի ներքաղաքական խնդիրների աճի ֆոնին, ով փորձում էր շեղել ուշադրությունը դրանցից: Սակայն ինձ ավելի շատ անհանգստացնում է ԱՄՆ արձագանքը ռազմական գործողություններին եւ բռնությունների բռնկմանը շփման գծի երկայնքով: Կողմերի միջեւ հավասարության նշանը խրախուսանք էր Բաքվի համար: Մենք այս մասին բազմիցս խոսել ենք, ամեն անգամ, երբ սադրանքներ են եղել: Երբ կա ագրեսոր, իսկ մնացած ուժերը պատասխանատվության կոչ են անում երկու կողմերին էլ, դա ոչ այլ ինչ է, քան խրախուսում ագրեսորին, քանի որ նա հասկանում է, որ պատասխանատվության չի ենթարկվելու»,- ասել է կոնգրեսականը: Նրա խոսքով` Թուրքիան կրակին յուղ է լցնում: «Թուրքիան սիրիացի զինյալների է ուղարկում հակամարտության գոտի: Ադրբեջանը հարվածներ է հասցնում քաղաքացիական օբյեկտներին: Իսկ ԱՄՆ ղեկավարությունը պարզապես այնտեղ չէ, որպեսզի դատապարտի Ադրբեջանին եւ Թուրքիային եւ կոչ անի նահանջել»,- ասել է Շիֆը: «Մենք Կոնգրեսում բանաձեւ ենք ներկայացրել, որով Ադրբեջանին կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ Թուրքիային` նահանջել եւ դադարեցնել հակամարտության բորբոքումը: Բայց վարչակազմը նույնպես պետք է այդպիսի դիրքորոշում որդեգրի»,- հավելել է նա:

Խոսելով պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված իր կոչի մասին` նա նշել է, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Ըստ նրա` միջազգային ասպարեզում խաղաղության հաստատման ամենահզոր կոչը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչն էր` չնայած որ դա պետք է լիներ նախագահի կամ ԱՄՆ պետքարտուղարի կոչը: «Մենք պետք է վերջ դնենք ռազմական գործողություններին, ստիպենք Թուրքիային նահանջել, իսկ Ադրբեջանին` զենքը վայր դնել»,- ասել է Շիֆը` հավելելով, որ այլ այլընտրանք պարզապես չկա:

Ողբերգությունը, նրա խոսքով, այն է, որ դա հնարավոր էր կանխել, եթե միջազգային հանրությունն ավելի մեծ վճռականություն ցուցաբերեր: «Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է Ադրբեջանին եւ Թուրքիային հասկացնեն, որ եթե նրանք շարունակեն այս բռնությունը` հակամարտության խաղաղ կարգավորմանը ձգտելու փոխարեն, մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը անկախ պետություն ճանաչել»,- ասել է նա:

«Մենք քննարկել ենք նաեւ Շուշի քաղաքում գտնվող պատմական հայկական եկեղեցու` Ղազանչեցոց տաճարի կանխամտածված ռմբակոծությունը Ադրբեջանի կողմից,- ասել է Շիֆը` հավելելով,- «նախագահներ Ալիեւը եւ Էրդողանը պետք է հասկանան, որ բազմամյա սահմանային վեճը  չեն կարող լուծել խաղաղ բնակչության դեմ ուժի անխնա կիրառմամբ, եւ Միացյալ Նահանգները մի կողմ չեն մնալու»: Շիֆը նաեւ հայտարարել է, որ Սպիտակ տունը պետք է դատապարտի Անկարային եւ Բաքվին` տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը սպառնալիքի համար:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *