Հայ զինվորների այսօրվա քայլը նախկին փոխնախարարին հիշեցրեց 90-ականները, երբ իրենք էին հրաժարվում իջնել Օմարի դիրքերից

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով հայ զինծառայողների այսօրվա անձնուրաց քայլին՝ ասաց. «Մեր ազգը վերածնվեց, մեր ժողովրդի մեջ նորից արթնացավ ոգին»:

Հիշեցնենք, որ 3-րդ զորամիավորման բոլոր զինծառայողները դիմել էին Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով իրենց թույլ տալ չզորացրվել եւ մինչեւ հաղթանակի վերջնաժամկետը ծառայությունը շարունակել, օգնել նորակոչիկներին: Նախկին փոխնախարարի խոսքով՝ հայ զինծառայողների այդ քայլը, ինչպես նաեւ կամավորականների մեծ թիվը ցույց է տալիս, որ հայ ազգը դուրս է գալիս ստկությունից:

Զինծառայողների այս դիմումի առիթով Մելքոնյանը հիշեց 1990-ականների սկիզբը, Օմարի բարձունքի համար մղվող մարտերը: Ընդգծեց, որ ինչպես այն ժամանակ ինքն ու իր մարտական ընկերներն են  կռվել մինչեւ վերջ, իրենց կյանքը չխնայելով, այնպես էլ հիմա նույնը անում են իրենց թոռները:  «Իմ թոռը նույնպես ծառայում է: Նրա մեջ իմ արյունն է, իմ ընկերների թոռների մեջ իրենց արյունն է: Նրանք չեն կարող ուրիշ  կերպ վարվել»,- նշեց գեներալ-լեյտենանտը:

Հայ զինվորների  այդ քայլը համեմատելով սահման մեկնելու ցանկություն հայտնած ընդամենը 150 ադրբեջանցու քայլի հետ, ինչի մասին օրես խոսել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ասաց, որ ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիներն էին փախչում, այնպես էլ հիմա նրանց թոռներն են փախչում:

 ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ ադրբեջանցիների լռությունն իր կարծիքով ժամանակավո՞ր է, թե՞ լարվածությունն անցյալում է: Մելքոնյանը նշեց, որ իր կարծիքով ադրբեջանցիները ամիս եւ կես կլռեն, թուրքերի հետ կբանակցեն, օգնություն կխնդրեն. «Ամիս ու կես հետո նոր սադրանքներ կհրահրեն, նորից քթներին կուտեն, կհանդարտվեն: Էնքան պիտի հարված ուտեն, մինչեւ տարածքներ կորցնեն, հասկանան, որ դրանով խնդիր չեն կարողանում լուծել, նստեն բանակցությունների»,- եզրափակեց Գագիկ Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը այսօր տեղեկացրեց, որ 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը՝ խնդրելով դադարեցնել զորացրումները եւ թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ, եւ քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի: ՀԺ-ի հետ զրույցում Ստեփանյանն ասաց, որ ՀՀ ՊՆ-ն դիմումները չի բավարարի, զինծառայողները կզորացրվեն ըստ ժամանակացույցի։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *