Հետախույզ Էրիկն իր կյանքի գնով փրկել է իր հրամանատարին

Հետախույզ Էրիկ Եգանյանը իր ընկերների հետ Հադրութի շրջանում կարողացել է բազմաթիվ անգամ անցնել հակառակորդի կողմը եւ դուրս բերել 178 զինվորների: Այս մասին Եռաբլուրում NEWS.am-ի հետ զրույցում պատմում է նրա մորաքույրը՝ Սուսաննա դավթյանը:

«Ինքը թիկնապահության դասերի գնաց ու սկսեց ինքնակրթվել, հետո գնաց խաղաղապահ զորքեր: Ասում էինք դուրս արի, չլսեց մեզ, ինքն իր գործը սիրում էր:

Հետախույզ էր, զանգում էր տուն, ասում էր՝ չզանգեք, գնում եմ քնեմ, իբր, ու գնում էին գիշերով երեխեք էին փրկում: Իր ընկերն է ասել, որ 178 երեխայի են փրկել: Գիշերը նրանց կողմն են անցել, ասել են՝ երեխեք, ինչքան կտեղավորվեք մեքենայի մեջ, թեկուզ իրար վրա, նստեք: Իսկ էդ օրը իր կյանքի գնով ինքն իր հրամանատարին է փրկել: Դեպքը ամսի 21-ին է եղել:

Ապրիլյանի մասնակից էլ է եղել, հենց Թալիշում են եղել: Ոչ մի բան չի բարձրաձայնել իր արածների մասին, բայց իր պատվոգրերի մեջ դա կա: Էս հիմա ինչ ասում եմ, իր ընկերներն են պատմել: Հիմա նոր պատվոգրերը տեսանք, զարմացանք»,-ասաց տիկին Սուսաննան:

Իսկ Էրիկի մայրը՝ Սաթենիկ Դավթյանը նշեց. «Գիտեինք, որ Հադրութում է, չէինք պատկերացնում, ինքն էլ ոչ մի բան չէր ասում: Ասում էր՝ լրիվ լավ, է հանգիստ մնացեք: Էդ օրը «Վիլիսով» գնալիս են եղել, մեկ էլ տղաս հասկացել է, որ թուրքեր են դիմացը: Էդ պահին կանգնել են ու սկսել կռիվը: Նրանք հայկական հագուստով են եղել, մենակ զենքից են հասկացել, որ թուրք են: Դե նրանք շատ են եղել, իսկ իրենք 4 հոգով:Բացի տղայիցս, մյուսները հրաշքով փրկվել են»:

Նաեւ տեսանյութ կա, թե ինչպես են Էրիկն ու ընկերները գիշերով ճանապարհ ընկնում դեպի հակառակորդի կողմը «Հերոսներին տեսեք, գնում ենք տղերքին բերելու, 15 հոգի մնացել են էն կողմում»,-լսվում է տեսանյութի մեջ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *