«Հետաքրքրվում էին՝ ինչ հաբեր են». Լիլիանա Բելլան՝ հոգեկան առողջության խնդիրների եւ ճամփորդությունների մասին

Հաբեր տվեցին,
ամպերում եմ իմ,
Ասացին՝ կատարյալ ես դու,
Աշխարհը չի շրջվում արագ էդքան,
Ու իմ հոգին տարան:
Հիմա էլ այն մնաց օդում, վերեւում քաղաքի…

Սա երգչուհի Լիլիանա Բելլայի նոր՝ «Հաբեր տվեցին» երգի տեքստից մի հատված է, որը միաժամանակ ե՛ւ հավանության է արժանացել, ե՛ւ բազմաթիվ հարցեր առաջացրել շատ օգտատերերի շրջանում: Մարդիկ հետաքրքրվում են, թե ինչ հաբերի մասին է խոսքը, եւ արդյո՞ք երգն անձնական պատմության հիման վրա է գրված: Օրեր անց Լիլիանան հրապարակեց նաեւ մի տեսանյութ, որում պարզաբանում է՝ այո, երգի թեման անձնական է, եւ որոշել է բարձրաձայնել այդ մասին՝ աջակցելով այն մարդկանց, ովքեր նույնպես ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ:

Ի դեպ, երգչուհին այս օրերին Մոսկվայում է. երկարատեւ ճամփորդությունից հետո նա կարանտինային օրերն այնտեղ է անցկացնում: BRAVO.am-ը Լիլիանայի հետ զրուցել է նոր երգի, դրան հաջորդած տեսանյութերի, իր բարձրաձայնած խնդիրների, ինչպես նաեւ ճամփորդությունների ու նոր բացահայտումների մասին:

Լիլիանա Բելլան


«Դա երբեք իմ մտքով չէր անցնի, եթե չճամփորդեի»

«Երգը նոր չէ, ուղղակի վերջերս որոշեցի կիսվել դրանով: Սկզբում այն ինձ համար շատ անձնական էր, հետո հասկացա, որ ուզում եմ աջակցել ինֆորմացիայի տարածմանը: Նախ իմ էջում պարզապես կիսվեցի երգով, չէի ուզում պատմել՝ ինչի մասին է, բայց հաճախ մեկնաբանություններում հետաքրքրվում էին՝ այդ ինչ հաբեր են(ժպտում է,- հեղ.): Եվ որպեսզի սխալ կարծիք չկազմեին, որոշեցի պատմել, հասկացա՝ դա իրոք շատ կարեւոր է»,- ասել է Լիլիանան:

Նա ընդգծել է, որ «Ես սիրում եմ քեզ» վերնագրով տեսանյութի ուղերձը հասկանալու համար պետք է պատճառներ փնտրել նրանում, թե ինչու է ինքն այդքան շատ ճամփորդում: Նշենք, որ վերջին մեկ-մեկուկես տարում Լիլիանան հասցրել է լինել ավելի քան քսան երկրում.«Ես սիրում եմ այցելել այնպիսի երկրներ, որոնք ավանդույթներով տարբերվում են Հայաստանից, օրինակ՝ Հնդկաստան, Չինաստան: Որովհետեւ իմ շրջապատում հենց մարդկանց բազմազանությունն է օգնում հասկանալ ինքս ինձ: Տեսնում եմ ինչ-որ մեկին, որը շատ է տարբերվում իր հետաքրքիր որակներով, եւ մտածում եմ` ինքս էլ կարող եմ նման որակներ ունենալ: Դա երբեք իմ մտքով չէր անցնի, եթե միայն Հայաստանում ապրեի: Իրականում մենք Հայաստանում էլ ենք շատ տարբեր, բայց փորձում ենք չտարբերվել, թաքցնել մեր յուրահատկությունը, որովհետեւ թվում է՝ ուզում ենք համապատասխանել անհասկանալի ինչ-որ մի բանի: Ընդամենն ուզում եմ ասել, որ չկա լավ եւ վատ: Մենք տարբեր ենք ու պետք է հանդուրժող լինենք միմյանց նկատմամբ, հարգենք ու ընդունենք իրար այնպիսին, ինչպիսին կանք, եթե, իհարկե, չենք վնասում ուրիշներին»:

Լիլիանա Բելլան

«Հայերն անլուրջ են վերաբերվում նույնիսկ դեպրեսիաներին»

Երգչուհին ասում է` շատ ուրախ է, որ խոսել է իր խնդրի մասին, որովհետեւ բազմաթիվ նամակներ է ստացել, որտեղ իրեն շնորհակալություն են հայտնում ու ասում, որ իրենք էլ լավ գիտեն՝ ինչի մասին է խոսքը.«Ու դա հենց այն նպատակն էր, որ ես ունեի: Բացի նրանից, որ ուզում եմ ասել՝ տեսեք, այսպիսի մարդիկ էլ կան, ես նաեւ ուզում եմ պարզ դառնա, որ նորմալ է, երբ մարդիկ ունենում են հոգեկան խանգարումներ, եւ պետք չէ դրա համար ոչ մեկին դատել: Ես դեռ պատրաստ չեմ հենց իմ հիվանդության մասին խոսել, եւ իմ տեսանյութի իմաստն էլ այն չէր, որ տեսեք՝ ես այսպիսի հիվանդություն ունեմ, որ ինձ խղճան կամ նման մի բան: Չէ, ես ուղղակի ուզում եմ, որ մարդիկ սկսեն ավելի շատ բան իմանալ հոգեկան խանգարումների մասին, որ չվախենան խոսել: Ինչ-որ մեկը պիտի սկսի, չէ՞, որ մյուսներն էլ խոսեն»:

Նա նշել է, որ հոգեկան առողջության հետ կապված ցանկացած խնդրի դեպքում նորմալ է մասնագետին դիմելը, ինչպես մյուս բոլոր հիվանդությունների դեպքում: Այդպիսով, օրինակ, հոգեբանը կամ հոգեբույժը կարող է շատ մեծ օգնություն ցույց տալ, եւ մարդը չտառապի մինչեւ կյանքի վերջ.«Չէ՞ որ դա գիտություն է, մարդիկ կրթություն են ստանում, որպեսզի հմուտ ու որակավորված լինեն օգնել ուրիշներին: Իսկ Հայաստանում շատ անլուրջ են վերաբերվում նույնիսկ դեպրեսիաներին, բայց չէ՞ որ դա կարող է շատ լուրջ ազդել մարդու կյանքի վրա: Նորմալ է մասնագետին դիմելը, երբ զգում ես, որ պահի տակ արդեն կորցնում ես գիտակցությունդ կամ չես հասկանում` ինչ ես անում, մոռանում ես՝ ինչ ես արել, եւ այլն»:

«Երբեմն ինձ լուրջ չեն վերաբերվում»

Լիլիանայից հետաքրքրվեցինք` անձնական կամ գործնական հարաբերություններում ինչ խնդիրների, խոչընդոտների կարող է հանդիպել այն մարդը, որը որոշել է բարձրաձայնել իր խնդիրների մասին.«Վատ վերաբերմունքի անձամբ չեմ առնչվել, որ ասեն՝ գիժ է, եւ այլն: Նման խնդիր չեմ ունեցել, բայց գիտեմ ուրիշ մարդկանց, որոնց մասին այդպես խոսում են: Ես առնչվել եմ մեկ ուրիշ խնդրի՝ երբեմն ինձ լուրջ չեն վերաբերվում: Այսինքն՝ մտածում են՝ «Հա, լավ, ինքն իրեն կանցնի էլի», կամ ասում են՝ «Ամեն ինչ քո ուղեղից է, դու ես կառավարում, դու ես ամեն ինչում մեղավոր, դու պիտի… դու, դու»: Հաճախ դա ուղղակի ցավոտ է լսել, որովհետեւ իրականությունը չէ»:

Լիլիանա Բելլան


«Չեմ կարծում, թե մի օր կասեմ՝ վերջ»

Լիլիանան ծրագրում է շարունակել ճամփորդել, երբ սահմանները բացվեն: Պատմում է, որ երկու ամիս առաջ Չինաստանից է գնացել Ռուսաստան` փորձելով զգուշանալ կորոնավիրուսից: Բայց փաստորեն այնտեղ իրավիճակն ավելի է բարդացել այդ առումով: Այս ընթացքում երգեր է գրում, լեզուներ է սովորում, կիսատ թողած գործերն է փորձում ավարտել: Ի դեպ, պատմում է, որ 14 տարեկանից լեզուներ սովորելն իր հոբբին է դարձել: Այժմ արդեն վեցերորդ լեզուն` չինարենն է փորձում սովորել: Անկեղծանում է` երեւի երբեք էլ չգա այն օրը, երբ ասի վերջ, էլ պետք չէ ճանապարհորդել, որովհետեւ ամեն տարիքում եւ ամեն միջավայրում էլ հնարավոր է նոր բաներ բացահայտել, սովորել.«Չեմ կարծում, թե մի օր կասեմ՝ վերջ, ես արդեն մինչեւ վերջ ճանաչեցի ինձ: Երբեք կանգ չեմ առնելու: Ուրիշ հարց է, որ կարող է գալ մի օր, երբ պետք կլինի որեւէ տեղ հիմնական ապրել, բայց չգիտեմ՝ երբ, որովհետեւ դեռ չգիտեմ՝ որտեղ եմ ուզում ապրել: Եվ շատ մայրցամաքներ դեռ չեմ տեսել. ուզում եմ Աֆրիկայում, Անտարկտիդայում եւ մյուս տեղերում էլ լինել (ժպտում է,- հեղ.)»:

«Շատ հետաքրքիր մարդկանց եմ հանդիպում»

Առաջիկայում Լիլիանա Բելլան կներկայանա նաեւ երաժշտական նորություններով, որոնցից մեկը համատեղ գործ կլինի երաժիշտ Հայկ Կարապետյանի հետ: Խոստովանում է` թեեւ ճամփորդությունների ընթացքում դժվար է երաժշտական ակտիվ գործունեությամբ զբաղվել` երգեր ձայնագրել, հոլովակներ նկարահանել, բայց ինքը նաեւ երաժշտության համար է տարբեր երկրներ այցելում, ծանոթանում տարբեր մշակույթների.«Երբ ճամփորդում եմ, շատ հետաքրքիր մարդկանց եմ հանդիպում, լսում նրանց ազգային երաժշտությունը: Օրինակ` Հնդկաստանում սիթառ նվագող մարդու եմ հանդիպել, ով արդեն քսան սերունդ է` փոխանցում է այդ երաժշտությունը: Բալիում եմ շատ հետաքրքիր երաժիշտների տեսել: Նրանց երաժշտական մշակույթը շատ է տարբերվում: Շուտով ես յութուբյան մի ալիքում ներկայացնելու եմ, թե ինչպես է մեր երաժշտական ճաշակը զարգանում, ինչպես է ձեւավորվում: Կարծում եմ՝ հետաքրքիր է լինելու»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *