Մազերիցս քաշեց, ինձ հայհոյում էին, ձեռ էին առնում. Դիմակ չկրելու համար բերման ենթարկված աղջիկը մանրամասներ է պատմում

Գնացել եմ բժշկի, բժիշկն ասում է՝ ես քո թոքերը լսում եմ, մաքուր են, կապ չունի, որ դու թոքաբորբ ես տարել,  ռևմատիզմ ունես, մինչև քրոնիկ թոքաբորբ չունենաս,  չեն թույլատրում, որ քեզ թուղթ տամ, որպեսզի դիմակ չկրես։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Հասմիկ Սեդրակյանը, որը օրեր առաջ բարձրաձայնել էր այն մասին, որ իրեն դիմակ չկրելու համար ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, վիրավորանքներ հնչեցրել, ապա տեղափոխել հոգեբուժարան։

Հասմիկը պնդում է, որ ի վիճակի չէ ժամեր շարունակ դիմակ կրել, առողջական խնդիրները թույլ չեն տալիս։ Պոլիկլինիկայից ասել են, որ պետք է գնա և ռենտգեն հետազոտություն անցնի։

«Եթե էդ հետազոտությունը գումարով լինի, չեմ անցնելու, ինձ համար մեծ խնդիր է անգամ 1000 դրամը»,- ասաց Հասմիկը։

Ըստ նրա՝ հուլիսի 21-ին, Հանրապետության հրապարակում ոստիկանները մոտեցել են իրեն, հորդորել դիմակը ճիշտ դնել, սակայն նա պնդել է, որ չի կարողանում շնչել և չի կարող դիմակ կրել։

«Իրենք ասացին՝ անձնագիր ցույց տուր, ես էլ ասացի, որ ցույց չեմ տա, որովհետև գիտեմ, որ ցույց տամ՝ տուգանելու են։ Բա ուրեմն՝ մեզ հետ գալիս ես բաժին։ Ինձ հեռախոսով նկարեցին, ես ասում եմ՝ ինձ նկարելու իրավունք ունե՞ս։ Ավտո կանչեցին, ես առանց դիմադրության նստեցի, ինձ տարան բաժին, որտեղ ես տեսա 5-6 ոստիկան, որոնք դիմակ չէին կրում, ցանկացա նկարել, էդ ոստիկանը քիթը փակեց, ինձ ասում ա՝ դու իրավունք չունես այստեղ նկարելու, քաշքշեցին, ձեռքիցս հեռախոսս վերցրեցին ու չտվեցին»,- պատմեց Հասմիկը։

Ըստ նրա՝ ոստիկանության բաժանմունքում իրեն վիրավորել են և հայհոյանքներ հնչեցրել։  Հասմիկի խոսքով՝ իրեն վիրավորող ոստիկաններին ինքը պատասխանել է։

«Դրանից հետո հեռախոսը վերցրեցին, ինձ ձեռք առան։ Ասացին՝ դու ի՞նչ իրավունք ունենք ոստիկանին հայհոյելու։ Ասում եմ՝ դու ես ինձ հայհոյել, ասում է՝ դու շառ ես, հարգելի քաղաքացի։ Հայրապետյանը մազերիցս քաշեց,  ինքն էր սաղ կռիվ սարքողը, ձեռնաշղթաներ հագցնել տվեց»,- պատմեց նա։

Այնուհետև ոստիկանության ծառայողները Հասմիկին տեղափոխել են  Ավանի հոգեբուժարան, չնայած նրան, որ հոգեբուժարանից ասել են, որ բրիգադ չունեն, և ոստիկանները իրենց մեքենայով են տեղափոխել։

«Ավտոմեքենայում 4-ով էինք, էն երկուսը դիմակով էին, իսկ վարորդը, ում անունը Արտաշ էր,  առանց դիմակի էր։ Ամբողջ ժամանակ ձեռք էին առնում, հեռախոսս չէին տալիս։ Ինձ ասում էին՝ հեսա քեզ Սևան  ենք տանելու, բայց էնտեղ պետք է մի քանի օր մնաս, էդ Արտաշն էր ասում»,- ասաց Հասմիկը։

 Հոգեբուժարանում Հասմիկին չեն ընդունել, որովհետև համապատասխան թուղթ չի եղել։ Ոստիկանները պնդել են, որ Հասմիկը գրանցված է եղել այդ հոգեբուժարանում, սակայն Հասմիկն ասում է՝ կապ չունի հոգեբուժարանի հետ։ 

Մեր հարցին, թե իրեն ինչպե՞ս է հաջողվել հոգեբուժարանից դուրս գալ, Հասմիկն ասաց, որ հարմար պահ է գտել և ոստիկաններից գաղտնի դուրս եկել։

«Մի քանի ժամ ջուր չէի խմել, բարձրացանք վերև, բժիշկն ինձ  ջուր տվեց, հետո իջա, իրենք ինձ չտեսան, արագ-արագ  մուտքով փախել եմ»,- ասաց Հասմիկը։

Դեպքից հետո Հասմիկը դիմել է ՄԻՊ-ի գրասենյակ և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին։

Հասմիկը հավելեց, որ դիմակ չկրելու համար նաև հուլիսի 25-ին է իր հետ միջադեպ գրանցվել։ Ոստիկաններն էլի հորդորել են նրան դիմակ կրել, սակայն վերջինս կրկին հրաժարվել է։ Այս անգամ Հասմիկն արդեն դիմել է իրավաշտպանին, նրան ոստիկանությունում փաստաբան է այցելել։ Ոստիկանության բաժանմունքում արձանագրություն են կազմել։

«Ինձ վերջում ասացին՝ տեսար, ասում ես՝ վատ են վարվում, մենք քեզ հետ վատ վարվեցի՞նք, ասացի, որովհետև ես մենակ չէի, որ մենակ լինեի, հաստատ վատ կվարվեիք»,- ասաց նա։

Հասմիկը հավելեց, որ դեպքի վերաբերյալ Ոստիկանությունում  ծառայողական քննություն է նշանակվել։

«Իրենք ուղղակի էդպես ասում են, բայց իրենք հաստատ ոչ մի բան էլ չեն անի։ Էդ ի՞նչ ծառայողական քննություն է, որ մինչև հիմա չեն բացահայտել։ 6 օրում ուրեմն իրենք չգտան այդ մարդուն»,- ասաց Հասմիկը։

Հավելենք նաև, որ դեպքի վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Ոստիկանությունից, սակայն դեռ արձագանք չենք ստացել։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *