Մենք թույլ չենք տա, որ Թալեաթ փաշայի երազանքն իրականանա. Կամավոր Միքայել Միքայելյան

Ճիշտ է ՝ պատերազմը շատ դաժան է, բայց մեր հայոց բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել։  Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Միքայելյանը, որը մեկ ամիս առաջ կամավոր մեկնել է առաջնագիծ, մասնակցել հարավում ընթացող մարտերին։

«Ես զինվորագրվել եմ, որովհետև լինելով պատմաբան քաջ գիտակցում եմ, թե ինչ ողբերգալի ավարտ է ունենում, երբ հայ ժողովուրդը դուրս չի գալիս թշնամու դեմ։ Մենք ունենք մի հարց, թե ինչու 1915թ. հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Պատճառը մեկն էր. մենք չունեինք պետություն, չունեինք բանակ, չունեինք մարտական ոգի։ Հարյուր տարի անց թուրք ահաբեկիչը կրկին ոտնձգություն է իրականացնում մեր հայրենիքի նկատմամբ։

Բայց այսօր մենք ունենք բանակ, պետություն, մարտական ոգի, հզոր Սփյուռք, դիմակայելու ենք թշնամուն։ Մենք թույլ չենք տա, որ Թալեաթ փաշայի երազանքն իրականանա՝ թողնել մեկ հայ, այն էլ միայն թանգարանում։

Սիրելի ընկերներ, եղբայրներ, կոչ եմ անում բոլորին կամավորագրվել և մեկնել առաջնագիծ։ Ով կարող է զենք վերցնել, թող մասնակցի հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Մենք պետք է ավարտին հասցնենք այն պատերազմը, որը մեր հայրերը սկսել են 90–ականներին։ Չպետք է թույլ տանք, որ պատերազմը փոխանցվի մեր ժառանգներին։ Կա՛մ մենք, կա՛մ նրանք։ Ես համոզված եմ, որ երկրորդ տարբերակը չի լինելու, լինելու է մեր հաղթանակը։ Վստահեցնում եմ՝ առաջնագծում հայ զինվորը չունի ոչ մի բանի խնդիր, չունի սննդի, համազգեստի, զենքի խնդիր, և մենք թշնամուն ջախջախելու ենք հենց իրենց բների մեջ։ Թույլ չենք տալ, որ նա մոտենա մեր սահմաններին: Վստահեցնում եմ բոլորին ու երդվում եմ, որ մենք հաղթելու ենք այս պատերազմում»,– ասաց նա։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *