Մեր «Սիրուն տղան»՝ Արթուրը, բանակ գնալու խնջույքին անընդհատ պարում էր. հպարտ էր, որ ծառայելու է

Արթուրին անվանում էին «Սիրուն տղա». մենք փոքր տարիքում երկուսով հաճախել ենք պարի դպրոց: Կային շատ անվանակիցներ, բայց ինքը առանձնանում էր իր սիրունությամբ: Թե՛ պարի դպրոցում, թե՛ մեր հարազատների շրջանում Արթուրը այդպես է հայտնի, ու մինչ օրս էլ այդպես ենք հիշում իրեն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հայ-ադրբեջանական սահմանին հրազենային ծանր վիրավորումից օրեր անց մահացած 19-ամյա զինծառայող Արթուր Մուրադյանի հորեղբոր աղջիկը՝ Մերին: «Արթուրը շատ լուսավոր էր. 2019 թվականին ավարտեց Երևանի թիվ 105 ավագ դպրոցը, ընդունվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետ. շատ էր սպասում ուսանողական տարիներին, բայց, ավաղ, չհասցրեց վայելել:

Ուզում էր սովորել, կայանալ կյանքում: Սիրում էր օրն անցկացնել ընկերների հետ, շատ կենսախինդ էր, իրենից միշտ սովորելու բան ունեինք բոլորս, միմյանց շատ կապված էինք, եղբայրների, քույրերի հանդեպ շատ ուշադիր էր»,- պատմում է Արթուրի քույրը: Մերին հիշում է՝ բանակ գնալիս՝ Արթուրը ընդհանրապես չէր տխրել.

«Տղաներ կան, որ տխրում են, բայց ինքը շատ ոգևորված էր: Ամեն ինչ արվել էր, որպեսզի Արթուրը ծառայեր իր եղբոր հետ նույն զորամասում: Եղբայրը օգոստոսին կզորացրվի»: Մերին եղբորը վերջին անգամ տեսել է դեկտեմբերի 17-ին՝ նրա բանակ գնալու խնջույքին. «Շատ ուրախ էր ինքը, ու ես իրեն հենց այդպես եմ հիշում, անվերջ պարում էինք, չնայած՝ իր հետ միշտ է ուրախ եղել»,-

իր հիշողություններով կիսվում է Մերին: Քույրը նկատում է՝ եղբայրս, եթե նույնիսկ նեղսրտում էր՝ իր մեջ էր պահում, ոչ ոքի ցույց չէր տալիս, դժվարություններից երբեք չէր վախենում: «Արթուրը շատ հայրենասեր ու անվախ էր, բնավորությամբ՝ այդքան էլ բռնկվող չէր»,- ընդգծում է Մերին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *