Նախարարը չի պատկերացնում, թե 2-րդ դասարանի երեխան ինչպե՞ս է դիմակ կրելու 45 րոպե․ ծնող

Սեպտեմբերի 15-ից դպրոցների վերաբացման լուրը ուրախացրել է ծնողներին ու աշակերտներին, բայց շատերը որոշ վերապահումներ ունեն։ Կորոնավիրուսն «իր կանոններն է թելադրել» կրթական գերատեսչությանը՝ աշակերտները դասերին պետք է մասնակցեն դիմակով։

«Դուստրս երկրորդ դասարան պետք է գնա, հաստատ գիտեմ, որ դիմակն ընկնելու է դեմքից, ինքը վերցնելու է ու նորից դնի բերանին։ Ուսուցիչն ամեն վայրկյան չի կարող ասել՝ վա՜յ, բալես, ընկավ, մի հատ ուրիշը քեզ տամ»,-NEWS.am-ի հետ զրույցում  մտահոգություններն է փոխանցել Հեղինե Հարությունյանը։

Եթե նույնիսկ դասասենյակներն այնպես կահավորեն, որ մեկուկես մետր հեռավորությունն ապահովվի, ծնողները վստահ են՝ դասամիջոցներին երեխաները իրար հետ շփվելու են, դա անխուսափելի է։

«Ի՞նչ է, ուսուցիչները պետք է այդ ամբողջ ընթացքում հետևեն երեխաներին ու ասեն՝ հանկարծ իրար մոտ չկանգնեք, մետրուկես հեռավորություն պահե՞ք։ Իմաստը ո՞րն է, եթե դասաժամի ընթացքում հեռավորություն են պահպանելու, իսկ դասամիջոցին՝ ոչ»,- նկատում է Հեղինե Հարությունյանը։

«Ես չեմ պատկերացնում, թե իմ երկրորդ դասարանի երեխան ինչպե՞ս պետք է 45 րոպե դիմակով նստի դասաժամին։ Նույնիսկ ես՝ այս տարիքին, աշխատում եմ տնից քիչ դուրս գալ, որ դիմակ չկրեմ, որովհետև շնչառական խնդիրներ է առաջացնում, ինչ մնաց իմ 7 տարեկան երեխան այդպես նստի դասին, դա ահավոր է։ Երեխաներ են, թեկուզ դասամիջոցին դիմակները հանեն, հավանական է, որ դրանք խառնվեն ու մեկը մյուսի դիմակը դնի, հազար ու մի բան կարող է լինել։ Ես չեմ պատկերացնում, որ ուսուցչուհին կարող է անընդհատ լարված իրենց հետևել։ Ավելի լավ է իմ երեխան առանց դիմակ գնա ու էդ վիրուսը վերցնի, քան դիմակով 45 րոպե նստի»,-մեզ հետ զրույցում ասում է մեկ այլ ծնող՝ Մերի Գրիգորյանը։

Ծնողներն ընդգծում են՝ մտահոգությունները հիմնականում տարրական դասարանների աշակերտների շուրջ է, բարձր դասարանցիները կկարողանան հետևել կարգուկանոնին։

«Եթե դու դպրոցը բացում ես՝ պետք է այդ ռիսկին պատրաստ լինես, որ այդ խնդիրը լինելու է։ Կարծում եմ՝ բարձր դասարաններում դա խնդիր չէ, բայց 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանների երեխաներին չենք կարող բացատրել, որ դիմակին չկդիպչեն։ Դիմակն ընկնի գետնին, նստարանին, դա արդեն պրոբլեմ է, ու ավելի մեծ, քանի որ, եթե այն դեպքում միայն վիրուսն է, ապա այս դեպքում կարող են նաև աղիքային խնդիրներ առաջանալ»,- նշում է Հեղինե Հարությունյանը։

Մտահոգիչ հանգամանք է նաև շոգ եղանակը, որն ըստ նրա՝ մինչև սեպտեմբերի վերջ կպահպանվի։ Ամռանը Հեղինեի դուստրը առավելագույնը 20 րոպե է դիմակ դրել, դրանից ավելի, ասում է՝ երեխան չէր դիմանում։։

«Ես տեսնում եմ, որ երեխան դիմակն անընդհատ իջեցնում է, բացի այդ ականջներն են ցավում։ Այսինքն՝ լիքը խնդիրներ կան։ Այդ տարիքի երեխաների համար դնելն ավելի վտանագովոր է լինելու, քան չդնելը»,- նշում է Հեղինեն։

Թեև անհարմարություններին, այնուամենայնիվ, նա որոշել է, որ դուստրը անպայման դպրոց է հաճախելու, որովհետև հեռավար տարբերակով ուսուցումն արդյունավետ չի համարում։

«Հնարավոր չէ հեռավար տարբերակով հիմք դնել, երեխային ինչ-որ բան բացատրել։ Ես ամբողջ ընթացքում հետևել եմ հեռավար դասերին, ուսուցիչն ամեն ինչ անում է փոխանցելու համար, բայց երեխան կարող է շեղվել, չէ որ տանն է, ինչ ուզի՝ կանի։ Կամ ժամային հարցեր կան, երեխաները պետք է ռեժիմի վարժվեն, առավոտյան արթնացան, գնացին դպրոց, եկան տուն, իրենց համար պետք է նման կարգուկանոն լինի, իսկ մյուս տարբերակով՝ երբ ուզում, արթնանում, ինչ ուզում՝ անում են, դա լավ չէ»,- նկում է Հեղինեն։

Ի տարբերություն Հեղինեի, Մերին համարում է, որ ավելի լավ է հեռավար տարբերակով դասերը սկսեին, քան նման որոշում կայացվեր։

«Ես հաստատ իմ երեխային դիմակով չեմ ուղարկելու դասի։ Ինքը փոքրամարմին է, նույնիսկ, երբ դիմակը դնում է, դեմքից ընկնում է։ Ես էլ, ամուսինս էլ դեմ ենք դրան, որովհետև էդ նույն դիմակը հազար ու մի պրոբլեմ կարող է առաջացնել, առանց այդ էլ երեխաս շնչառականի հետ կապված խնդիրներ ունի»,- ասում է Մերին ու հավելում․

«Ուղղակի նախարարը չի պատկերացնում, թե երկրորդ դասարանի երեխան ինչպե՞ս է դիմակ կրելու ու 45 րոպե դասաժամի նստի»։

Սահմանադրագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնում է խնդրի իրավական կողմին։ Ըստ նրա՝ երբ տարրական դասարանների աշակերտների վրա դրվում է դիմակ կրելու պարտականություն, ապա էլ ավելի են խորանում դիմակի կրման պարտադիր պահանջի հետ կապված իրավական խնդիրները։

«Առհասարակ, 16 տարեկանը չլրացած անձանց նկատմամբ չի կարող վարչական պատասխանատվություն սահմանվել`հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդվածը, որի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը, իսկ ծնողներին ու այլոց չեն կարող տուգանել երեխայի դիմակը չկրելու համար, քանզի դա կհակասի պատասխանատվության անհատականացման սկզբունքին, որը թեև ամրագրված է ՀՀ քրեական օրենսգրքում, սակայն պետք է կիրառվի բոլոր այն դեպքերում, երբ խոսքը անձին պատասխանատվության ենթարկելու մասին է»,- պարզաբանում է Վահե Գրիգորյանն ու հավելում, որ ընդհանրապես դիմակի պարտադիր կրման պահանջը հակաօրինական ու հակասահմանադրական է։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *