«Նրանք նախապես էին պլանավորել Արցախի գնով նորից գալ իշխանության, որը դավաճանություն է…». Ռազմիկ Պետրոսյան

«Մենք դեռ չենք հասկացել՝ ինչ է տեղի ունեցել։ Մեզ, մեր ուղեղները անջատել ու մեր ծառայությունն ենք իրականացնում։ Դեռ մեր դիրքերում ենք ու ինչպես առաջին օրերին, այնպես էլ հիմա անառիկ ենք պահում մեր բարձունքները։ Մեր ժողովուրդը դեռ ներսում է, մենք ինչպես կարող ենք դիրքերը թողնել իջնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը։

Մեր դիտարկմանը՝ իսկապե՞ս սա էր ելքը և ինչպես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց՝ եթե շարունակեին՝ կկորցնեինք ամբողջը, Պետրոսյանը պատասխանեց. «Քաղաքական ղեկավարությունը, իշխանությունն ավելի ինֆորմացված է վիճակից։ Մենք մեր ուղղության առումով գիտենք, որ կազմակերպված մարտ ենք վարել ի սկզբանե, կազմակերպված պաշտպանություն ենք իրականացրել և անառիկ ենք պահել հիմնական ուղղություններից մեկը մինչև վերջ։ Բայց նույնը չեմ կարող ասել մնացածի մասով։ Իսկ եթե հնարավոր եղել է, կամ չի եղել պահել մնացածը, դա արդեն քաղաքական իշխանության գնահատականի հարցն է։ Մենք՝ որպես զինվորական, մեր վրա դրված խնդիրները պատվով կատարել ենք ու կատարում ենք մինչև հիմա»։ Պետրոսյանը նաև հավելեց, որ առկա էր նաև Ռուսաստանի շահագրգռվածությունը, քանի որ իրենք միշտ էլ խնդիր են ունեցել Արցախում խաղաղապահներ տեղակայել։ «Հարմար պահը գտան ու օգտվեցին առիթից»,- ասաց ազատամարտիկը։

Անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական իրադրության լարմանը, ռազմական հեղաշրջման փորձերին, Պետրոսյանը նկատեց, որ ամենացավալին այն է, որ գիշերը 1։10 րոպեին զինվորական համազգեստով մարդիկ արդեն կառավարության շենքի դիմաց էին ու պատրաստակամ էին ջարդել-փշրել ամեն ինչ։ «Բա ջարդել-փշրել գիտեին, թող գային իրենց հայրենիքի համար թշնամու զորքերը ջարդեին, թշնամու գլուխը ջարդեին, թշնամու դիրքերը քարուքանդ անեին, ոչ թե կառավարության ու Ազգային ժողովի շենքերը։ Մենք բոլոր ժամանակներում էլ ունեցել ենք նման տեսակ, դասալիքների մեծ զորք ենք տեսել, դավաճաններ ենք տեսել։ Այդտեղ հենց նրանք էին։

Առաջին օրերից էլ խուճապն էլ իրենց մեղքով եղավ, ամեն ինչն էլ իրենց մեղքով եղավ։ Բոլոր ժամանակներում ունեցել ենք դավաճանների այդ տեսակից, որից ազատվել չի լինում։ Ուղղակի պետք է հետևություն անենք ու այս անգամ նրանց էնպիսի պատիժ տանք, որ վախենան ու դադարեն վազել այս երկրի հետ»,- ասաց Պետրոսյանը։

Հրամանատարի խոսքերով՝ այսօր, երբ վերլուծում ենք կատարվածը, պարզ է դառնում, որ այս ամենը պլանավորված էր, ծրագրավորված էր նախապես։ «Նրանք նախապես էին պլանավորել Արցախի գնով իշխանության գալ, որը դավաճանություն է։ Բայց ներկա պահին պետք է համախմբվել, զերծ մնալ հեղաշրջման փորձերից, քանի որ մեր ազգի պառակտումը ձեռնտու է միայն թուրքին։ Մեզ համախմբվածություն է պետք եղածը պահելու համար։

Հայաստանում քաոս ստեղծելը թշնամուն է ձեռնտու, գիտակից մարդիկ չպետք է գնան դրա հետևից։ Իսկ ով գնում է, ով ձեռնարկում է այդ անկայունությունը, այդ քաղաքական ուժերը, դա նշանակում է, որ իրենց համար հայրենիքը երկրորդական է։ Իրենց քաղաքական ամբիցիաները, իշխանատենչությունն ավելի կարևոր են, քան ազգային արժեքները»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ մեկ խնդիր են լուծում՝ գալ իշխանության ու պահպանել իրենց թալանածը։ Իսկ նրանք, ովքեր միշտ իշխանություն են տենչացել ու չեն կարողացել հասնել դրան՝ օգտվում են առիթից։ «Ամեն դեպքում այսօր ոչ մի կերպով չեն արդարացվում նրանց քայլերը։ Ես՝ որպես զինվորական, կոչ եմ անում այդ ուժերին իրենց քաղաքական կեցվածքով կրկնակի ցավ չպատճառել զորքին, զինվորականներին։ Մենք այս վիճակով, երբ վերադառնանք Երևան, մեզ համար ցավ կլինի այդ վիճակը, Հայաստանը ապակայունացնելու փորձերը։ Իսկ Հայաստանում քաղաքական վիճակը պետք է կայուն լինի, որպեսզի քաղաքական իշխանությունը բացատրություններ տա, թե ինչի համար են գնացել այդ քայլին։ Կհիմնավորեն, կհասկանանք՝ լավ, իսկ եթե չենք կարողանա հիմնավորել, ապա այդ ժամանակ ազգովի կորոշենք իշխանությունների հետագա ճակատագիրը։ Իսկ եթե կլինեն դավաճաններ, դավաճանների հանդեպ ցույց կտանք մեր վերաբերմունքը»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *