Շատ հուզված եմ․ Նարինե Ոսկանյանի ուղիղ եթերը

Դերասանուհի Նարինե Ոսկանյանը շտապ սրտի բաց վիրահատության կարիք ունի, ինչի համար 3 միլիոն դրամ է անհրաժեշտ, սակայն նա վճարունակ չէ։ Tert.am Life-ի հետ զրույցում Նարինեն իրեն բնորոշ հումորով ասաց, որ բժիշկները գիտեն` իր սիրտը ոսկի է, ուզում են գողանալ:

Նրա խոսքով՝ առողջական այլ խնդիրներ` շաքարային դիաբետ, բարձր ճնշում, ողնաշարի ճողվածք, վաղուց ունի, բայց սրտից երբեք չի դժգոհել. «Սրտխփոցներ ունեցել եմ, բայց հասարակ դեղեր եմ խմել ու անցել են: Օրեր առաջ կրծքավանդակիս, թիկունքիս հատվածում սարսափելի ցավեր ունեցա, շտապ օգնություն կանչեցինք, տեղափոխեցին հիվանդանոց, ու պարզվեց` սիրտս է: Շաքարային դիաբետի պատճառով սրտիս մի քանի անոթ խցանվել է, բաց վիրահատության կարիք կա, բայց քանի որ ես գեր եմ, հնարավոր է` օրգանիզմս չդիմանա: Բժիշկները դեռ խորհրդակցում են, եթե բաց վիրահատություն չանեն, 5 ստենդ կտեղադրեն»:

Նարինեն ասաց, որ ֆիզիկապես իրեն լավ է զգում, ասում է` միայն շարժվելիս շունչը կտրվում է: Հոգեբանորեն է իրեն վատ զգում: Ըստ նրա` բարդ է ընդունել, որ սրտի հետ կապված խնդիրներ կան, քանի որ երբևէ չի մտածել, որ նման բան կարող է լինել:

«Բժիշկներն ասում են` ժամանակ չունեմ, հենց այսօր կարող եմ մահանալ, բայց ես չեմ պատրաստվում մեռնել: Այսքան ապրել եմ, մի քանի օր էլ կապրեմ, մինչև ֆինանսական հարցերը լուծվեն: Սովոր եմ ինքս լուծել իմ խնդիրները, բայց այսօր կանգնել եմ մի խնդրի առջև, որը մենակ լուծել չեմ կարող, ինձ իմ հանդիսատեսի օգնությունն է պետք: Դեկտեմբերից չեմ աշխատում, մայրիկս ծեր թոշակառու է, օգնող չունենք: Մեր օգնողներն իմ ընկերներն են, մի քանի բարեկամներ, բայց որքա՞ն օգնեն:

Ինձ իմ հանդիասատեսն է փրկելու, հույսս իրենք են, այդ պատճառով եմ տեսանյութ նկարահանել ու տեղադրել համացանցում,-ընդգծեց նա ո հավելեց, որ զարմացած ու զգացված է` առավոտից, երբ հայտնել է իր հիվանդության մասին, աշխարհի տարբեր ծայրերից հայերը զանգում են, գումարներ փոխանցում: -Արժեր հիվանդանալ, որ հասկանայի` որքան սիրված եմ: Գիտեի, որ ինձ սիրում են, բայց որ այսքան` չէի պատկերացնում»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *