Ովքեր են Բեյրութում հուժկու պայթյունից մահացած հայերը (ֆոտո)

Բեյրութում նախօրեին հուժկու պայթյունի հետեւանքով 6 հայ է զոհվել:

Պայթյունից մահացածներն են` Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը,  Ժագ Պարամագյանը, Դելիա Փափազյանը, Վարուժան Թոսունյանը, Կայա Ֆուտուլյանը:

Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը մահացել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ստացած վերքերից, հայտնում է Imlebanon-ը:

Պայթյունից զոհվել է բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, ով պայթյունի ժամանակ եղել է նավահանգստի մոտ գտնվող Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում, նա մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը շատ մոտ է գտնվել նավահանգստին: Նա ավարտել էր Մեսրոպյան վարժարանը, նաեւ հիվանդապահների միության անդամ էր:

Ժագ Պարամագյանը Փարանջյան-Արսլանյան ճեմարանի շրջանավարտ է:

Դելիա Փափազյանը երկու երեխաների մայր էր, նա բնակվում էր նավահանգստին շատ մոտ գտնվող թաղամասում:

Վարուժան Թոսունյանը  60 տարեկան էր, մահացել է Մար Մխայել հայաշատ շրջանում:

Կայա Ֆուտուլյան մահացել է Բեյրութի Էշրէֆիյե շրջանում, արվեստի սիրահար է եղել եւ մոր հետ գեղանկարչական արվեստի ցուցասրահ է ղեկավարել:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով 100–ից ավելի մարդ է զոհվել, իսկ 4000–ից ավելի մարդ վիրավոր է: Այսօրվանից Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ Բեյրութը ճանաչվել է աղետի գոտի։

Պայթյունի հետևանքնով նյութական մեծ վնասներ է կրել նաեւ Անթիլիասի Մայրավանքը։ Մասնավորապես վնասվել են Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև «Կիլիկիա» թանգարանի դռները, ջահերը, պատուհանները։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *