«Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել». Արթուր Վանեցյանը` Նիկոլ Փաշինյանին

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։

Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում են պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։

Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու։ Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ առաջ տանելով այն թեզը, թե «ով մեզ հետ չի, ազգի դավաճան է»։

Իսկ եթե որևէ մեկը համաձայն չէ այդ պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատվերով է գործում: Ասել եմ և նորից եմ կրկնում՝ չփորձեք ինձ կապել նախկինների հետ։ Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերեսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին: Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն հրամատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել:

Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում: Հավատում եմ` մեր ժողովուրդը երբեք չի ընկճվելու ու այլևս չի տրվելու մանիպուլյատիվ հայտարարությունների: Հրաժարականի իմ տեքստում ես ասել էի՝ թող այն լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող կոչ։ Մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի Հայրենիքի հանդեպ պարտքը:

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։ Պատիվ ունեմ»,- «Հրապարակ» թերթի փոխանցմամբ՝ ասել է Արթուր Վանեցյանը։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *