«Պետության արմատը մարդն է, հայը, զինվորը, այլ ոչ թե նրան ամբոխ համարող քաղաքական վամպիրները․․․». Նվեր Մնացականյան

Պատերազմի լեղին ծամելու են բոլորը, սկսած նախորդներից, վերջացրած հաջորդ իշխանությամբ, որովհետև պատիժը կրողը լինելու է ոչ միայն պարտության հետցնցումներում երերացող իշխանությունը, այլ այդ իշխանության ընտրողը, որը շուռ տվեց համբերության բաժակը ու համարձակվեց ինքն իր գլխին տեր դառնալ, երկիր-պետություն ունենալու համազգային հավատով։

Դրա համար էլ ամեն ինչ կարվի այդ հավատը բնաջնջելու համար, որովհետև մեր հարևանությամբ այդ հավատով ոչ ոք չի ապրում, հայկական բացառություն ով կհանդուրժեր։ Ու եթե հաջողվի կոտրել մեր միակ պատվար հավատը, որևէ իշխանություն գտնելը դառնում է քաղաքական խաղ ու պար, ինչպես ասենք երկկենցաղ գորտն է գտնում իր մշտական բնակության վայրը՝ ճահիճը։

Իսկ ով է ասել, որ ճահճում կոմֆորտ զոնաներ չկան։ Ուրեմն հավատացեք, պատժողի համար շատ ավելի էական է ծնկի բերել ոչ թե պատերազմի հետևանքից շփոթ իշխանությանը, այլ այդ իշխանության ընտրողին․ այլևս նա է հակառակորդը։

Ուրեմն պաշտպանության կարիք ունի նա, նրան է պետք փրկել ներսի ու դրսի այս տեղեկատվական տեռոր-հաշվեհարդարից, եթե դեռ հավատում եք, որ պետության արմատը մարդն է, հայը, զինվորը, այլ ոչ թե նրան ամբոխ համարող քաղաքական վամպիրները․․․

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *