Պետք են ռազմական ջանքեր, որ ստիպենք խաղաղության հասնել այն կողմին, որը սկսել է պատերազմը. ռուս փորձագետ. Տեսանյութ

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունն այսօր նոր հայտարարություն է տարածել՝ նշելով որ իրենք անհանգստացած են այն հայտարարություններով, որոնք առկա են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկան-ահաբեկիչների ներգրավման մասով: Ռուս փորձագետ Անդրեյ Արեշևը բնական է համարում պաշտպանության գերատեսչության հաղորդագրությունը՝ հավելելով, որ եթե դիվանագիտական ջանքերն իրենց արդյունքը չեն տալիս, ապա պետք է լինեն նաև ռազմական ջանքեր, որոնք հնարավորություն կտան ավելի գործուն քայլերով խաղաղություն պարտադրել այն կողմին, որը սկսել է պատերազմը:

«Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել ՌԴ պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարության վրա, որ իրենք ջանքեր են գործադրում իրավիճակի կայունացման առումով տարածաշրջանում՝ հաշվի առնելով բազմաթիվ այն հայտարարությունները, որոնք առկա են վարձկան ահաբեկիչների ներգրավման մասով: Ես կարծում եմ, որ դիվանագիտական ջանքերը պետք է ամրապնդել ռազմական քայլերով եւ իսկապես ավելի գործուն քայլեր ձեռնարկել խաղաղության հաստատման համար եւ ստիպել խաղաղության հասնել այն կողմին, որը սկսել է պատերազմը: Ինձ համար դժվար է խոսել ՌԴ պաշտպանության նախարարության փոխարեն, սակայն ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն տեղեկությունների վրա, որոնք առկա են դեպի Սիրիա հարվածների մասով եւ կարծում եմ՝ այլ քայլեր եւս կլինեն Իրանի եւ ՌԴ-ի մասնակցությամբ, որոնք այնքան էլ շահագրգռված չեն իրավիճակի ավելի սրմամբ», – նշեց նա:

Փորձագետի խոսքով, դիվանագետներն աշխատում են, քաղաքական ճնշում առկա է կոնֆլիկտի կողմերի եւ պարզ է՝ մեծամասամբ Անկարայի եւ Բաքվի վրա: «Բայց ստացվում է՝ այն դեռ բավականաչափ չէ, եւ պետք է այնպիսի քայլեր լինեն, որ նրանք, ովքեր խաղադրույք են դրել հարցի՝ պատերազմով լուծման վրա, հստակ հասկանան, որ դա անհեռանկարային է եւ, որ բանակցել միևնույն է պետք է եւ անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղանի», – հավելեց նա:

Ռուս փորձագետը կարծում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կոչը՝ ահաբեկչության դեմ պայքարի համար կոալիցիա ստեղծելու բավական տեղին է, իսկ ձևաչափերը պետք է քննարկվեն: «Այդ առաջարկն իսկապես ժամանակին եւ տեղին է, ինչ վերաբերում է հստակ ձևաչափերին, ամեն դեպքում այն ժամանակավոր բնույթ պետք է ունենա եւ կախված է հստակ պայմանավորվածություններից», – եզրափակեց նա:

Հավելենք, որ Անդրեյ Արեշևը երեկ Մոսկվայում այլ փորձագետերի և քաղաքագետերի հետ մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են բազմաթիվ հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *