Պուտինն արձանագրեց, որ Ադրբեջան չկա. կա՞ նոր ճանապարհ

Հայաստանում աշխուժորեն քննարկվում է, թե ինչ զարգացում կունենա ՌԴ նախագահին ուղղված ՀՀ վարչապետի արդեն հայտնի դիմումը՝ ռազմական փոխօգնության պայմանագրի հղումով: Մինչդեռ, ինքնին այդ դիմումը արդեն իսկ անկասկած էական նշանակություն ունեցող հանգամանք է, որը պայմանավորված է թերևս ոչ պակաս նշանակալի քաղաքական իրողություններով: Այդ իմաստով, դրանք իհարկե ոչ պակաս ծավալվում են շատ խորքային տողատակերում և շերտերում, քան ընթացիկ հռետորաբանության հանրային դրսևորումներում: Այդ իմաստով, հատկանշական էին Հայաստանի վարչապետի նամակին նախորդած Պուտինի հայտարարությունները:

Հակամարտության կարգավորումը պետք է լինի հայկական և ադրբեջանական շահերի հավասարակշռումով, և դա հնարավոր է, հայտարարել էր ՌԴ նախագահ Պուտինը, դարձյալ ասելով, որ Արցախի հարցը տարածքի կռիվ չէ, այլ էթնիկ անհանդուրժողությունից և զտման փորձից ծագած հակամարտություն, որը հայերին ստիպել է զենք վերցնել պաշտպանվելու համար: Պուտինի հայտարարությունների տողատակը կարող է լինել ուշադրության արժանի, ինչպես որ ուշադրության արժանի է թերևս նրա խոսքի մի փոքր դետալ:

Խոսելով այն մասին, որ հավասարակշռված լուծումը պետք է բխի երկկողմ շահերից, ՌԴ նախագահն արեց ուշագրավ ձևակերպում՝ «ադրբեջանական ժողովրդի շահին համապատասխան, որին մենք վերաբերում ենք հարգանքով, և հայ ժողովրդի շահին համապատասխան, Հայաստան պետության շահին համապատասխան»: Պատահակա՞ն է արդյոք, որ Պուտինը խոսելով հայկական կողմի մասին օգտագործեց թե ժողովուրդ, թե պետություն եզրը, իսկ ադրբեջանականի դեպքում միայն ժողովուրդ: Պուտինը մոռացա՞վ Ադրբեջան պետության մասին, թե՞ այդ «բացթողումը» ուներ քաղաքական և խորհրդանշական տողատակ: Որովհետև, իսկապես մի բան է ադրբեջանական ժողովուրդը, մեկ այլ բան՝ պետությունը: Որովհետև ադրբեջանական ժողովուրդը բաղկացած է էթնիկ տարբեր միավորներից, որոնք ունեն տարբեր շահեր, ու այդ շահերը մեղմ ասած բոլորը չէ, որ տեղավորվում են ներկայիս Ադրբեջան պետության շրջանակում: Օրինակ, Արցախի հարցում էթնիկ գործոնի և սկզբնապատճառի հանգամանքի շեշտադրումն ուշադրության է արժանի նաև դրանով: Կասկած չկա, որ իրենց շահերը ներկայիս Ադրբեջանի պետական համարվող սահմանից տարբեր կերպ են պատկերացնում օրինակ թալիշները, կամ՝ լեզգինները: Արդյո՞ք դրա համար է, որ խոսելով ադրբեջանական ժողովրդի մասին, Ադրբեջան պետության մասին Պուտինը «մոռացավ»:

Թեև, գործնկանում համընդհանուր փաստ է, որ Ադրբեջան պետություն՝ որպես այդպիսին, այլևս չկա: Թուրքիան լուծարել է այդ պետությունը: Ընդ որում, Պուտինը դա զգացել է թերևս իր մաշկի վրա, երբ այդ այլևս գոյութուն չունեցող պետության դեռևս գոյություն ունեցող ղեկավար Ալիևը քաղաքական իմաստով մեղմ ասած պարզապես արհամարեց Պուտինի հրադադարի միջնորդությունը, ցույց տալով, որ Կովկասում Պուտին այլևս չկա: Զարմանալի չէ, որ Պուտինն էլ փորձեր իր խոսքում ինչ որ առիթ օգտագործել ցույց տալու համար, որ իր համար էլ Կովկասում չկա Ադրբեջան պետություն: Բայց այստեղ հարց է առաջանում՝ իսկ դրա փոխարեն ՌԴ նախագահի համար ի՞նչ կա այդ պետության տեղը: Ունի՞ Ռուսաստանն այդ առնչությամբ որևէ կոնցեպտ, ռազմավարություն, որը պետք է բխի նաև հարավային սահմանների՝ Հյուսիսային Կովկասի անվտանգության ու կայունության մտահոգությունից:

Ակնառու է, որ այսպես ասած իր հետխորհրդային տեսքով Ադրբեջանը Թուրքիան չի տալու ոչ մեկին, առավել ևս Ռուսաստանին: Հետևաբար, ռուսական պետականության ռազմավարական անվտանգության հեռանկարում կամ Թուրքիան պետք է դադարի գոյություն ունենալ, կամ Ադրբեջանն իր այս տեսքով: Ամբողջ հարցը սակայն այն է, թե ինչ տեսք է պատկերացնում Կրեմլը և դրան հասնելու ի՞նչ ճանապարհ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *