Ռուս քաղաքագետ. Փաշինյանի մնալը վարչապետի պաշտոնում չափազանց անհրաժեշտ է Իլհամ Ալիեւին

Ղարաբաղյան համաձայնագիրը փաստացի քաղաքական ինքնասպանություն դարձավ Փաշինյանի համար: Այս մասին «Գազետա»-յի հետ զրույցում ասել է ՌԳԱ ՄՏՀԻ Կովկասի գծով առաջատար գիտաշխատող Վադիմ Մուխանովը:

«Հայաստանի քաղաքական ձախողումն ակնհայտ է, եւ այժմ ընդդիմությունը փորձում է հեռացնել վարչապետին` որպես հիմնական պատասխանատու անձի: Փաշինյանի ամբողջ վարկանիշը փլուզվել է, նրան դեմ են նույնիսկ նրանք, ում մոտ մինչեւ վերջերս այդպիսի տրամադրություններ չէին նկատվում: Մասնավորապես, Հայ Առաքելական եկեղեցին, ինչն արդեն բավականին լուրջ ազդանշան է: Հատկապես` Կաթողիկոսի կոչի ֆոնին, ով շատ ծանրակշիռ եւ լուրջ ֆիգուր է Հայաստանում: Բնակչությունը լսում է նրան, հատկապես, երբ  մարում է քաղաքական էլիտան»,- հավելել է փորձագետը:

Ներկայումս ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում` «Հայրենիքի փրկության կոմիտեի» ձեւաչափով, մարդկանց կոչ են անում շարունակել փողոց դուրս գալ` երկրի ղեկավարի հեռացմանը հասնելու համար:

Արդյո՞ք դա կնպաստի Փաշինյանի հեռանալուն, հայտնի չէ: Հատկապես հաշվի առնելով, որ գրեթե մեկ ամիս շարունակվող տարատեսակ ցույցերի ժամանակ նա այդպես էլ չհամաձայնեց իր հակառակորդների պահանջների հետ: Վադիմ Մուխանովի կարծիքով` կարեւոր է հաշվի առնել, որ վարչապետի դեմ խաղում է ոչ միայն ընդդիմության դժգոհությունը, այլ նաեւ մի շարք այլ գործոններ:

Մասնավորապես, դժգոհների ճամբարին միանում են փախստականները Լեռնային Ղարաբաղից, հայկական սփյուռքը, որն ակտիվորեն միջոցներ ուղարկում տարածաշրջանում հակամարտության ընթացքում, եւ հենց իրենք` կառավարության գործողություններից եւ պատերազմում կրած պարտությունից հիասթափված Հայաստանի բնակիչները:

«Փաշինյանի դեմ ուժերի կոալիցիան դանդաղորեն ձեւավորվում է: Առայժմ այն մասնատված է, բայց այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ վարչապետի վրա ճնշումը հետեւողականորեն աճում է: Նա հազիվ թե կարողանա իր պաշտոնում մնալ մինչեւ ժամկետի ավարտը: Սակայն այս պահին անչափ դժվար է ասել, թե նրան ստույգ որքան ժամանակ է մնացել»,- կարծում է փորձագետը:

Մուխանովը վստահ է, որ Հայաստանի բնակչության զգալի մասը չի ների Փաշինյանին Ղարաբաղում ձախողման համար: Նրա խոսքով՝ հայ առաջնորդը կարող է միայն փորձել վերջը հետաձգել, փորձել մանեւրել, բայց վարչապետն այլեւս չի կարողանա վերադարձնել ժողովրդականությունն ու վստահությունը:

Ընդ որում՝ իր պաշտոնից վարչապետի հեռացմամբ ամենեւին ոչ բոլորն են շահագրգռված, շեշտել է փորձագետը: Մասնավորապես՝ վարչապետի պաշտոնում Փաշինյանի մնալը չափազանց անհրաժեշտ է Ադրբեջանին:

«Հենց Փաշինյանն է ստորագրել համաձայնագրի տակ, որով ամրագրվել է ղարաբաղյան պատերազմում Բաքվի ցնցող հաղթանակը, ինչը կարեւոր է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի համար: Մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետի հեռանալը ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ ի պատասխան ժողովրդական տրամադրությունների Հայաստանում ուլտրաարմատական ուժերի հնարավոր իշխանության գալը կարող է հանգեցնել Ղարաբաղում հակամարտության վերագործարկմանը»,- ամփոփել է փորձագետը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *