Հայրենիք կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի խոսքը…
ԱԱԾ նախկին պետը խոսել է Հայաստանի համար հանրային համերաշխության կարեւորության մասին, նշելով, թե առանց դրա Հայաստանը դատապարտված է…

Հանրային համերաշխության թեման անշուշտ չափազանց կարեւոր է, բայց միաժամանակ պետք է արձանագրել, որ այդ հարցում էական խնդիրներ են առկա թե կառավարող մեծամասնության, թե այսպես ասած ընդդիմադիր խմբերի վարքագծում…
Եվ անիվը մեծ թափ է հավաքել այլեւս որեւէ մեկի «սկսած լինելու» մասին խոսելու համար: Ակնառու է, որ պետք է կանգ առնեն բոլորն էլ: Մյուս կողմից, դա իհարկե չի լինում խոսքով կամ ձեռքի շարժումով…
Հայաստանի ներքին քաղաքական իրողությունները դիտարկելի են ամբողջության մեջ, եւ ոչ միայն ժամանակային, այլեւ տարածական: Իսկ Հայաստանը կղզի չէ թե աշխարհագրական, թե քաղաքական իմաստով…
Ըստ այդմ, հանրային համերաշխության բացակայությունը բերում է արտաքին ազդեցության ավելցուկի, իսկ դա էլ իր հերթին էլ ավելի է բարդացնում համերաշխության հարցը…
Միեւնույն ժամանակ, Արթուր Վանեցյանի գրառումն անմիջապես հաջորդում է Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջի հայտնի հայտարարությանը: ԲՀԿ նախագահը հայտարարել էր, թե Հայաստանում «հակառուսականություն» է սրվում եւ ինքը որպես երկրորդ ուժի ղեկավար ամեն ինչ անելու է դա կանխելու համար…

Ծառուկյանի հայտարարությանը հաջորդել է հանրային սուր արձագանք, որի համատեքստում ԲՀԿ նախագահի խոսքը դիտվում է ընդամենը Հայաստանի ներքին կյանքում Ռուսաստանի ազդեցության վկայություն կամ առնվազն այդ ազդեցության սպասարկման բաց հայտ…
Ահա այդ իրավիճակում էլ աչքի է զարնում այն, որ ԲՀԿ նախագահի հետ համախմբման ձեւաչափ եւ ուղի քննարկող Արթուր Վանեցյանն անմիջապես անում է հայտարարություն, որը շրջանցում է ռուսական-հակառուսական թեման եւ նրբորեն դնում հանրային համերաշխության խնդիրը: Որովհետեւ, խոշոր հաշվով, այստեղ է այն պարարտ հողը, ուր ոտք է դնում որեւէ արտաքին ազդեցություն…
Միեւնույն ժամանակ, Արթուր Վանեցյանը հազիվ թե փորձի թեկուզ քողարկված ձեւով տարանջատվել ռուսական դաշտից…
Նշանակու՞մ է արդյոք, որ Արթուր Վանեցյանը փաստացի անհամաձայնություն է հայտնում Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը եւ շեշտադրումներին, փորձելով տարանջատվել նրանից…
Վանեցյանի պարագայում դա քաղաքական հաշվա՞րկ է՝ տեսնելով, թե հանրային ինչպիսի բացասական արձագանքի է արժանացել ԲՀԿ նախագահի խոսքը, թե կասկած՝ որ Ծառուկյանը մի ձեռքով քննարկելով իր հետ գործակցության հարցեր, մյուս ձեռքով այլ հարցերի մեջ է ռուսական կողմից որեւէ ուժի հետ…

Թե՞ Հայրենիք կուսակցության նախագահի հայտարարության հիմքում քաղաքական խանդն է, որովհետեւ եթե ԲՀԿ-ն Մոսկվայում ճանաչվում է որպես ռուսական դաշտի հենակետ, Հայրենիք կուսակցության համար կորում է «համախմբման» մոտիվը…
Այդ իրավիճակում Արթուր Վանեցյանի մոտ առավել կբարձրանա ԲՀԿ-ն քաղաքական ասպարեզից հեռացնելու հարցում Նիկոլ Փաշինյանի հետ բնական դաշնակցության աստիճանը…
Ի դեպ, կարո՞ղ է այդ իմաստով նուրբ ակնարկ լինել հանրային համերաշխության թեման: Եթե իհարկե Փաշինյանն իրապես ունի քաղաքական դաշտը այն ուժերից ազատելու մտադրություն, ինչի մասին օրեր առաջ խոսում էր խորհրդարանի ամբիոնից…