Տավուշում զոհված Արթուր Մուրադյանը կդառնար 19 տարեկան․ Փառք ու պատիվ մեր հերոս զինվորներին

Տավուշում հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստանալուց հետո կյանքի համար գրեթե 10 օր պայքար մղած եւ հուլիսի 22-ին զինվորական հոսպիտալում մահացած Արթուր Մուրադյանը այսօր՝ օգոստոսի 23-ին, կդառնար 19 տարեկան:

Ծնողներն ու մյուս հարազատներն այսօր այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հուղարկավորված է Արթուրը:

Ազգականներից Վահրամ Պետրոսյանը Արթուրին հիշում է հատկապես իր համեստությամբ:

«Նրա մեջ խորը հայրենասիրություն կար, շատ լռակյաց էր, բայց որ խոսեցնում էին, ճանաչում էին՝ ինչպիսին է: Երբ մի անգամ հարցրի՝ ինչու է ընտրել թուրքագետի մասնագիտությունը, Արթուրն ասաց՝ ցանկանում է հասկանալ՝ որտեղից է գալիս այդքան թշնամանքը»,- նշեց ազգականը:

Նա հիշում է, որ բանակ ճանապարհելիս էլ Արթուրը շատ համեստ էր, լուռ, բայց ժպիտը դեմքին:

Ազգականներից Հովհաննես Մուրադյանն էլ պատմեց, որ դեպքից օրեր առաջ խոսել է Արթուրի հետ, Արթուրն ասել է` ամեն ինչ լավ է, չանհանգստանան:

«Ասաց, մի քանի օրից արձակուրդ է գալու, ասեցի՝ անհամբեր սպասում եմ, մինչև հիմա սպասում եմ Արթուրին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Տավուշում հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստանալուց հետո կյանքի համար գրեթե 10-օրյա պայքար մղած եւ հուլիսի 22-ին զինվորական հոսպիտալում մահացած 19-իամյա Արթուր Մուրադյանը Երեւանի Մալաթիա վարչական շրջանից էր, 6 ամսվա զինծառայող։ Արթուրը ծառայում էր ավագ եղբոր հետ նույն զորամասում, ով արդեն զորացրվել է։ Բացի այդ, Արթուրը եւս մեկ եղբայր ունի, որը 3 տարեկան է։

Արթուր Մուրադյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար վարչապետի առաջարկով, նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *