Տեսեք, թե որքան է մեծացել Արամիկը և իսկական տղամարդ դարձել

Հեռուստաեթերում  դերասանական, ապա՝ հաղորդավարական  քայլեր անող Արեգ Գալոյանը այսօր հստակ կողմնորոշվել է մասնագիտության ընտրության հարցում. նա արդեն Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող է: Bravo.am-ի հետ զրույցում երիտասարդ ստեղծագործողը պատմել է ուսանողական կյանքն արտակարգ պայաններում սկսելու զգացողությունների,  ֆիլմաշխարհի հետ կապված ցանկությունների ու սիմֆոնիա գրելու երազանքի մասին:

— Մանկուց տեսախցիկի հետ ունեցած քո փորձառությունը, թվում էր, պիտի ուղեկցի քեզ դեպի թատերական ինստիտուստ. ինչպե՞ս որոշեցիր ընտրել երաժշտությունը:

— Այս որոշումը կայացրել էի վաղուց՝ դեռ հանրային հեռուստատեսությունում աշխատելու ընթացքում, բայց, անկեղծ ասած, վախ կար, քանի որ երաժշտական կրթություն չունեի:

Քիչ-քիչ սկսեցի ուսումնասիրել դաշնամուրը՝ որպես գործիք, հավաքեցի ուժերս ու ինքս ինձ ասացի. «Եթե սա է քեզ դուր գալիս, պետք է աշխատել»:

Մոտ երկու տարի պարապեցի, ուսուցիչներիս շնորհիվ ստացա հիմնավոր երաժշտական գիտելիքներ ու արդեն այս տարի ընդունվեցի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետ:

— Համավարակով պայմանավորված՝ գուցե ստիպված լինես ուսանողական կյանքը սկսել հեռավար ուսուցմամբ. սա քեզ անհանգստացնո՞ւմ է:

— Իհարկե, երբ մտածում եմ, որ հնարավոր է դասերն օնլայն ռեժիմով լինեն, նեղսրտում եմ, քանի որ հատկապես կոնսերվատորիայում տեղում լինելը շատ կարեւոր է. օրինակ՝ հնչյունային աննշան տարբերությունը կարող է հսկայական փոփոխություն առաջացնել, բայց, կարծում եմ, ավելի լավ է ինչ-որ ակորդ վատ լսեմ, քան իմ պատճառով որեւէ մեկը վարակվի:

Շատ կուզեի, որ հենց առաջին կուրսում, որն ուսանողական կյանքի ամենաարկածային  ժամանակաշրջանն է, չլիներ նման խնդիր, բայց, կարծում եմ, մարդկային կյանքից ավելի թանկ ոչինչ չկա:

— Բուհ ընդունվելը հասուն կյանք տանող առաջին մեծ նպատակն է, որն արդեն իրագործել ես. կկիսվե՞ս քո հաջորդ նպատակներով, գուցե՝ երազանքներով:

— Եթե խոսենք կրթություն ստանալու մասին, կասեմ, որ իմ նպատակներից է շարունակել ուսումս աշխարհի լավագույն կոնսերվատորիաներից մեկում: Չեմ հերքի, որ Երեւանի պետական կոնսերվատորիայում ուսուցումը շատ լավն է, պարզապես այստեղ կարծես բաժանում կա հետխորհրդային երաժշտության եւ մնացած երաժշտաոճերի միջեւ. մասնագետի համար, կարծում եմ, կարեւոր է  ուսումնասիրել երաժշտությունը բոլոր ժամանակներում, բոլոր կողմերով:
Իսկ առհասարակ՝ ամենանվիրական նպատակներիցս մեկը սիմֆոնիա գրելն է. նույնիսկ պատկերացնում եմ, թե ինչպես եմ հատուկ հագուստով մտնում դահլիճ՝ իմ սիմֆոնիայի պրեմիերային (ծիծաղում է — հեղ.):

Նաեւ շատ եմ ցանկանում ֆիլմերի համար սաունդթրեքներ գրել եւ արդեն  աշխատում եմ այդ ուղղությամբ:

— Այսինքն՝ որպես դերասան քեզ այլեւս չե՞ս պատկերացնում եթերում:

-Ոչ, հիմա բոլոր քայլերս կապված են երաժշտության հետ: Քանի որ դեռ փոքր տարիքում մշտապես եղել եմ եթերում եւ ինձ ճանաչել են, ես հաղթահարել եմ այդ բոլոր փուլերն ու մի բան հասկացել՝ կարեւոր է ոչ թե ճանաչումը, այլ այն ճանապարհը, որով հասնում  ես դրան: Եթե պետք է ընտրել մասնագիտություն, որը դու չես սիրում, բայց այն քեզ բերում է ճանաչում եւ գումար, այդ դեպքում դու պարզապես չես հարգում ինքդ քեզ ու քո ցանկությունները:

— Ուրեմն խոսենք այն քայլերի մասին, որ քեզ տանում են դեպի երաժշտություն:

— Ժամանակի ընթացքում իմ սերը երաժշտության հանդեպ աճեց. սկզբում ես լսում էի երաժշտություն, որ բոլորն են լսում, հետո, երբ ուսումնասիրեցի դասական երաժշտությունը, հասկացա՝ այն ինձ շատ ավելի հոգեհարազատ է:

Այս երաժշտաոճն ավելի շատ գիտություն է, քան արվեստ, կամ՝ գիտություն է արվեստի մեջ: Հիմա ես գրում եմ դասական ժամանակակից երաժշտություն: Սա մի ուղղություն է, որը տարօրինակ է հնչում, բայց ոչ այն պատճառով, որ սխալ է, այլ պարզապես որ դուրս է մեր մտածելակերպից:

Մի քանի ստեղծագործություն ունեմ՝ գրված դաշնամուրի, ֆլեյտայի, ջութակի համար: Նաեւ երգչախմբի համար գրված մի գործ՝ Պարույր Սեւակի խոսքերով: Հիմա աշխատում ենք ֆլեյտայի համար գրված ստեղծագործության վրա. Պետք է ձայնագրենք, եւ հուսամ, որ շուտով հնարավորություն կունենամ ներկայացնելու իմ առաջին դասական ժամանակակից ստեղծագործությունը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *