Փաշինյանի եթերը հուզել է վրացիներին. 18–ամյա Սանդրոն կոչ է արել օգնել Հայաստանին

SARS-CoV-2 –ի հետ կապված` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը Թբիլիսի է հասել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի –Sputnik. UWC Dilijan միջազգային քոլեջի շրջանավարտ Սանդրո Չումաշվիլին արձագանքել է երկրում կորոնավիրուսային վարակի հետ կապված տագնապալի իրավիճակի մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տղան պատմել է, որ հարևանների վիճակը թեթևացնելու համար ստորագրահավաք է կազմակերպել` կոչ անելով Վրաստանի կառավարությանը օգնել բարեկամական երկրին։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը մտահոգիչ էր անվանել։ Երկրում անցած մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով վարակվածներ են բացահայտվել։

«Այսօր լսել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն այն մասին, որ Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում SARS-CoV-2 կորոնավիրուսային վարակի շուրջ 700 նոր դեպք է գրանցվել։ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լավ է»,–ասել է Սանդրոն։

Նրա խոսքով` դա է առիթ դարձել, որ ինքը ստորագրահավաք կազմակերպի։ Սանդրոն նշել է, որ Վրաստանը կարող է և ինչ–որ առումով` պետք է օգնի եղբայրական Հայաստանին։

Սանդրոն 18 տարեկան է, ծնվել և մեծացել է Թբիլիսիում։ Հայաստանը նրան հոգեհարազատ է, քանի որ վերջին երկու տարին սովորել է UWC Dilijan միջազգային քոլեջում։ Այդ քոլեջը նա համարում է տարածաշրջանում լավագույնը։ Սանդրոն այն ավարտել է 2020 թվականի մայիսին և արդեն ընդունվել ԱՄՆ–ի բուհերից մեկի տնտեսագիտության ֆակուլտետը։

«Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին։ Ես եղել եմ Տաթևում, շատ ընկերներ ունեմ Վանաձորից, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել աշխարհի տարբեր երկրներից», – պատմել է Սանդրոն։

Այս տարիների ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են եղել, սակայն տղայի համար ամենահիշվողը Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված համերգն է եղել։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ–ն հայտարարել էր կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու պատրաստակամության մասին։ Նշվում էր, որ համավարակի շրջանում Վրաստանի իշխանությունները մշտական կապի մեջ են հայկական կողմի հետ։

«Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու երկրների վարչապետների միջև։ Շփումները շարունակվում են նաև առանձին նախարարների մակարդակով։ Այսօր Վրաստանի և Հայաստանի արտգործնախարարները (Դավիթ Զալկալիանին և Զոհրաբ Մնացականյանը, – խմբ.) տեղեկություն են փոխանակել երկրում տիրող իրավիճակի մասին», – գրված է Վրաստանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

Մասնավորապես, Զալկալիանին համերաշխություն է հայտնել հայկական կողմին և Վրաստանի իշխանությունների անունից ևս մեկ անգամ պատրաստակամութուն հայտնել աջակցելու COVID-19–ի դեմ պայքարում։

Նշենք, որ հունիսի 4-ի դրությամբ Հայաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տիպի 11221 դեպք է բացահայտվել, Վրաստանում` 801։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *