«Փոքրիկ Սպարապետն» ասաց՝ գնամ, գամ, որ ծնունդս Բաքվում նշենք. զոհվեց իր ծննդյան օրը. քույրը՝ նահատակված Զաքար Սերոբյանի մասին

Զաքարը մեկ տարի և 9 ամիս է, ինչ վերադարձել էր իր ծառայությունից: Սեպտեմբերի 29-ին գնաց, կամավորագրվեց ու նույն օրը մեկնեց ռազմաճակատ: Ասաց՝ գնամ, գամ, որ ծնունդս Բաքվում նշենք: Հոկտեմբերի 11-ին լրացավ նրա 23-ամյակը, հենց այդ օրն էլ զոհվեց: Tert.am-ին այս մասին պատմեց Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված Զաքար Սերոբյանի մորաքրոջ դուստր Եվա Մակարյանը:

Զաքարը Երևանից էր, սովորում էր ՀՊՏՀ Ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսում: Շատ նպատակներ ուներ, շատ լավատես էր, հացի փուռ էր սարքում, կիսատ մնաց:  «Զաքարն աչքի է ընկեր իր հայրենասիրությամբ: Ամեն առավոտ նրա դրած երգերով էինք արթնանում, միշտ ազգագրական էր լսում ու հավասար երգում: Երբ ընկերներով բանավիճում էինք ու մեկն ասում էր, թե Հայաստանից գնալ է ուզում, միշտ ասում էր՝ ո՞նց կարող է մարդն իր հայրենիքից գնալ: Մեզ չէր թողնում, որ ուրիշ երգեր լսեինք մեքենայի մեջ. միշտ հայրենասիրական»:

Հերոսն իր հայրենասիրությունը ցույց է տվել նաև առաջնագծում: Զինակից ընկերները պատմել են, որ Զաքարն իր նոր անունն ուներ այնտեղ, նրան «Փոքրիկ Սպարապետ» էին անվանում: Քույրն ասում է՝ ժպիտն իսկապես շատ նման է եղել Վազգեն Սարգսյանին և նաև նրա պես արագ էր խոսում:

Զաքարն առաջնագիծ է մեկնել այս խոսքերով՝ «եթե ես չգնամ, մյուսը չգնա, ամեն մեկս մեր մասին մտածենք, բա ո՞վ է մեր հողը պաշտպանելու»: «Նահանջի հրաման է եղել, չի լսել, երկրորդ գծից բարձրացել է առաջին գիծ, որպեսզի մենակ չթողնի հրամանատարին և այնտեղ էլ երկուսով զոհվել են»:

«Զաքարը տան երկրորդ զավակն էր, երկու եղբայր ունի: Մայրը յոթ տարի առաջ է մահացել: Ընկերուհի չուներ: Վերջին անգամ մորաքրոջ՝ մայրիկիս հետ է խոսել, ասել՝ ամեն ինչ լավ է: Մենք՝ քույր եղբայրներով շատ կապված էինք, միշտ միասին էինք, հիմա չգիտեմ՝ ոնց ենք ապրելու առանց նրա։ Մեզ մենակ ու կիսատ թողեց»,-ասաց քույրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 26-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 220 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6674 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *