«Փոքրուց գիտեի, որ պետք է հայտնի լինեմ». Չուչի-Շուշին` հայտնի դառնալու, փառամոլ լինելու, իր երեխաների հասցեին վիրավորանքների և Ինստագրամում վաստակած ամենամեծ գումարի մասին

«Տիկ-տոկ»-ից լսարանին հայտնի 31-ամյա Շուշանիկ Տեր-Հովհաննիսյանին քչերն են իր իրական անվամբ ճանաչում. նա վաղուց ներկայանում է Չուչի-Շուշի կեղծանվամբ: Նրա խոսքով` գանգուր մազեր ունի, փոքր տարիքից հայրն իրեն խուճուճի կրճատ` «ճուճի» ձևով է դիմել, այդպես, Շուշանը դարձել է Չուչի, հետագայում հենց այդպես էլ ներկայացել է հետևորդներին:

Tert.am Life-ը նրա հետ զրուցել է «Տիկ-տոկ»-ի հարթակը գրավելու և ընտանիքի մասին:

Նա «Տիկ-տոկ»-ի էջը բացել է մեկ տարի առաջ, բայց այն փակվել է, մի քանի ամիս առաջ Շուշանը բացել է իր երկրորդ էջը, որն արդեն ունի 86 հազար հետևորդ: «Նկարում եմ ընտանեկան, հումորային տեսանյութեր: Բոլորս էլ ապրում ենք հասարակ կյանքով, որը շատ մարդիկ ցույց չեն տալիս: Շատերն Ինստագրամում կեղծ իրականություն են ստեղծում, կանայք էլ, տեսնելով այդ կեղծ իրականությունը, մտածում են, թե միայն իրենք են ապրում այլ կյանքով: Իմ տեսանյութերից հետո շատ կանայք են շնորհակալական նամակներ ուղարկում` ասելով, որ օգնել եմ հաղթահարել իրենց բարդույթները»,-ասաց Շուշանիկը:

Ինստագրամի իր էջը նա վաղուց է բացել, բայց չի ակտիվացրել, քանի որ Ֆեյսբուքում է ակտիվ եղել այդ շրջանում: «Մոտ 5 ամիս առաջ որոշեցի Ֆեյսբուքը թողնել ու ակտիվացնել Ինստագրամը: Էջս ակտիվացնելու համար կեղծ հետևորդներ չեմ գնել, ամեն ինչ ինքնըստինքյան է եղել: Թե՛ Ինստագրամում, թե՛ «Տիկ-տոկ»-ում, թե՛ Յութուբում կարողանում եմ գումար վաստակել: Ինստագրամում վաստակածս ամենամեծ գումարը տատանվել է 100-200 դոլարի սահմաններում: Իսկ «Տիկ-տոկ»-ում հազվադեպ եմ գովազդներ անում, քանի որ չեմ ուզում մարդկանց հոգնեցնել»:

Չուչին 7 տարեկանից վոկալով է զբաղվել: Առաջին մասնագիտությամբ հոգեբան է, երկրորդ մասնագիտությամբ` ռեժիսոր: «Սովորել եմ Թատերական ինստիտուտում, վերջերս փորձեցի քայլեր անել այդ ասպարեզում, նկարահանվեցի մի քանի նախագծում, բայց որոշել եմ այլևս չնկարահանվել երրորդական, չորրոդական դերերում: Եթե հետագայում գլխավոր կամ երկրորդական դերեր առաջարկեն, գուցե համաձայնեմ, քանի որ փառամոլ եմ, փոքրուց գիտեի, որ պետք է հայտնի լինեմ, քանի որ ուշադրությունն ինձ միշտ դուր է եկել»:

Չուչին նաև ընդգծեց, որ դրական կարծիքների կողքին կան նաև բացասականները: «Քանի որ Հայաստանում կարծրատիպերով են ապրում, կարծում են, որ ես, լինելով 31 տարեկան, պետք է նստեմ տանը ու ոչինչ չանեմ, չապրեմ: Ես ուզում եմ կոտրել այդ կարծրատիպը, որովհետև դեռ երիտասարդ եմ, եռանդուն: Հետաքրքիր է, որ բացասական մեկնաբանություններ գրում են կեղծ էջերով, բայց չեմ նեղսրտում: Նեղսրտում եմ միայն այն դեպքում, երբ երեխաներիս են վիրավորում: Մի անգամ երեխայիս «դաուն» էին անվանել` առանց գիտակցելու, որ վիրավորում են հազարավոր մարդկանց, ովքեր ունեն դաունի համախտանիշ: Ինձ նաև անեծքաշատ նամակներ են գրում, որոնք անտեսում եմ: Ես դա կապում եմ տվյալ մարդկանց՝ վատ իրավիճակում լինելու, բարդույթներ ունենալու հետ»:

Հենց այսպիսի մեկնաբանությունների պատճառով Չուչիի ամուսինը` Էդգարը, ժամանակին դեմ էր, որ կինն ակտիվ լինի այս հարթակներում: Նա մասնագիտությամբ երգիչ է, բայց սոցցանցեր չի սիրում, խուսափում է ակտիվ լինել: «Ամուսինս դեմ էր, որ ես էլ ակտիվ լինեմ սոցցանցերում, քանի որ տաքարյուն մարդ է ու գիտեր, թե ինչքան բացասական մեկնաբանությունների եմ հանդիպելու: Ասում էր` չի կարող բոլորին բացատրել, թե ինչպիսին եմ ես: Մեր տանն իմ բոլոր էջերը բաց են, եթե կարիք է լինում, ինքը պատասխանում է բացասական մեկնաբանություններին, եթե ոչ` արգելափակում ենք»,- ասաց նա:

Զույգը երկու երեխա ունի. «Տղաս` Նոյը, 4,5 տարեկան է, աղջիկս` Անահիտը, 9: Աղջիկս լրիվ այլ մոլորակից է, արվեստ է սիրում, դպրոց չի սիրում, բայց գերազանցիկ է: Տղաս ամուսնուս շարունակությունն է, իրեն լուրջ է պահում: Աղջիկս «Տիկ-տոկ»-ում էջ ունի, որին ես եմ հետևում, իր հեռախոսի մեջ չկա այդ ծրագիրը: Թույլ չեմ տալիս առանց իմ հսկողության հավելված մտնել, քանի որ «Տիկ-տոկ»-ում տարածված են ԼԳՊՏ համայնքի ներկայացուցիչների տեսանյութերը: Նա դեռ սեռահասունացած չէ, նման տեսանյութեր տեսնելու կարիք չկա»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *