Քանի՞ տարեկան եք հարցին ժպիտով պատասխանում է՝ հեչ, 73 տարեկան տղա եմ, 74-ի մեջն եմ արդեն․․․

«Ոչ մերս գիտեր, ոչ տիկինս, ոչ տղեքս: Տունը ըսի՝ մե հատըմ ելնիմ դուրս ու գամ: Ու էն գնալն էր, որ գնացի: 94-ին էլ էի ըդպես գնացել, արդեն սովոր էին»:

Հենց այսպես արագ ու առանց տատանվելու գյումրեցի Ստյոպա պապիկը այս անգամ էլ հասել է Արցախ՝ Եղնիկներ:

Քանի՞ տարեկան եք: Հարցին ժպիտով պատասխանում է՝ հեչ, 73 տարեկան տղա եմ, 74-ի մեջն եմ արդեն:

«Տեսա ահագին ժամանակ չեկավ, ըսի այ մարդ, ի՞նչ եղավ էդ տղեն: Խառնվանք, անհանգստացանք, վերջը իմացանք, որ գնացել է պատերազմ: Է ինչ, գնացել, գնացել էր: Իմ ոտս էլ ջարդած չէղնիր, ես էլ տունը չէի նստի, կերտայի, մե օգուտըմ էլ ես կուտայի». մեզ զարմացնելու հերթը Ստյոպա պապիկի մորն էր՝ 101-ամյա Վարդ տատիկինը:

1994-ին Արցախյան ազատամարտ, 2016-ին ապրիլյան պատերազմ, հիմա նաև 2020-ի Արցախյան պատերազմ: Գյումրեցի Ստյոպան բոլորին մասնակցել է: 94-ին ստացած վիրավորումներն անգամ ետ չեն կանգնեցրել նրան պայքարելու, կռվելու, հաղթելու կամքից:

«Պապիս տված երդումս գետնովը տվողը չեմ: Մշեցի էր պապս՝ Գևորգը»,- պատմում է դիրքերից Գյումրի վերադարձած, բայց ամեն պահի ետ դառնալու պատրաստ Ստյոպա պապիկը:

«Ընձի մշեցի պապս ըսել է հողը լավ կպահես, ես էլ կենեմ: Պապս ըսել է, լավ է զենքը ձեռդ մեռնիս, քան թե էղնիս թշնամու դուռ-դրկից: Դրա համար էլ գնացի կամ մեռնիմ, կամ ապրիմ: Որ ի վիճակի եմ, ընչի բդի չերտա՞մ որ, ումից եմ պակաս, ձեռ ունիմ, ոտ ունիմ, գլուխ ունիմ: Ընչի բդի չերտամ, առողջ տղա եմ: Տարիքն ի՞նչ կապ ունի:  Տարիքը պատերազմի դաշտում բան չի որոշե հմի:

Ստեղից չէին տանի, հլը գնա նայե, ցուցակի վերջի անունն իմս է գրած: Էնքան եմ պայքարել, որ տանին, վերջը տարան: Ինչղ կեղնի, ելնեի դուրս նայեի, որ երիտասարդություն չկա, սաղ իմ տարիքիս են, ըդիկ էնելու բան չէ»:

Ստյոպա պապիկին Եղնիկներում տեսնելով սկզբում անակնկալի են եկել, հետո ընկերացել, կողք-կողքի կռվել են երիտասարդները: «Գեներալը մեկ էլ նայեց, ըսավ պապի՞կ, ընչի ես եկել: Ըսի զենքը ուսիս, ընչի՞ եմ եկել, եկել եմ հողը պահելու: Մեկ էլ լեյտենանտը թե՝ գիտես, որ գեներալ է: Ըսի հա, ուսադիրներից կհասկնամ որ գեներալ է, բայց մեկ է, ետ չեմ էրտա, ինչ գուզես էրա: Հազիվ եմ եկել, հասել տեղ»,- պատմում է պապիկը:

2016-ին տղաները դիրքերում էին, ինքն էլ գնաց, որ սիրտը հանգիստ լիներ: Հիմա էլ ոչինչ չի փոխվել: Ասում է, բոլորն էլ իր որդիներն ու թոռներն են, նրանց կողքին լինելն իր պարտքն է:

Տուն է եկել, բայց մտքով մնացել զինվորների հետ: Ընդգծում է՝ քաջեր են իսկական, հզոր ու անպարտելի երիտասարդներ են:

«Չեն վախենա, ամենակարևորն որ դուխերը տեղն է, թե բդի հաղթենք, ուրեմն կհաղթենք, մերոնք միահամուռ են, ու հենց ըդոր համար էլ մեզի հաղթել չի եղնի:

Հրամանատարներն էլ կողքերեն էն կողմ չէին երտա: Ու ամենակարևորն որ, հմի սոված զինվոր չկա, ինչ լեզուդ պտտցնես՝ կա, շատ կարևոր բան է: էն 90-ականներին մեր կերածն ինչ էր, տաք ջուր ու ցամաք հաց, էն էլ չոր հաց: Ամեն բան ուրիշ է հմի»:

Ստյոպա պապիկը վստահ է՝ հաղթելու ենք, կասկած անգամ չկա: Ասում է դաժան է, բայց անխուսափելի. պատերազմը զոհեր է պահանջում, թանկ ու նվիրական, բայց հանուն հաղթանակի ու մայր հողի, բոլորն են պատրաստ դրան: Ապացույցն այսօր դիրքերում կռիվ տվող ահել ու ջահել հայ քաջերն են:

«Եթե վարձկաններն ու թուրքերը չլինեին, վաղուց էինք հաղթել, Ադրբեջանին հողով մոխրով կկորցնեինք: Մեր կռիվը հանուն հողի է, ոչ թե հանուն փողի: Ու կասկած անգամ չկա, որ հաղթանակը մերն է լինելու: Մենք հայերս մենակ ենք էս կռվի մեջ, ու մենակ էլ կհաղթենք:

Ամեն զինվորը պատերազմի դաշտում մեծ բան է, մանավանդ էդ խառա-խուռա թուրքերի դեմը: Ըդոնք  որ խուճապի մատնվան, թողնին, կերտան: Չեն մնա: Իրանցից որ մեկից 10 հոգին զոհվին, պետքերը չէ, իրանց ավելի լավ, չեն վճարե:

Մերն ուրիշ է, մերոնք երիտասարդ են, դուխները 100: Կսեմ տղեք, էս ինչ կենեք: Զինվորըմ կար, 2 ամիս է, որ կծառայեր: Կսեմ չե՞ս վախենա, կպատասխանե, որ վախենայի, ստեղ ինչ կենեի:

Պատերազմը զոհ գուզե, բայց մերն է հաղթանակը, 100 տոկոսով կսեմ: Հայը միշտ էլ հաղթել է: Եթե մե պետությունն անհիմն ու զավթողական պատերազմ կմղե, երբեք չհավատաք, որ հաղթե: Առաջղախացում կունենա, բայց հաղթանակ երբեք: Հողը մերն է ու մերն էլ բդի էղնի»,- վստահ է Ստյոպան:

Ի դեպ, պատերազմական շատ գործողությունների մասնակցած Ստյոպա պապիկի համար այս նոր պայքարում միակ անսպասելի հրահանգը հեռախոսից կտրականապես չօգտվելու պահանջն է եղել: Սկզբում չի իմացել այդ մասին, որոշել է զանգի մորը, տիկնոջն ու որդիներին տեղյակ պահի, որ երեկոյան ու հաջորդ օրերին իրեն տանը չսպասեն, հանգիստ լինեն, պատերազմ է մեկնել, զանգել չի կարողանալու:

«Մեկ էլ եկան թե էդ ինչ կենես, ուր կզանգես: Ըսի հեչ, տնեցոնց տեղյակ պահեմ որ ստեղ եմ, չընգնին ման գան, հանկարծ միլիցիա բան հայտնեն, ռոզիսկ տան, էղնինք խայտառակ»,- մեզ պատմում է Ստյոպա պապիկն ու տնեցիներին ակնարկում՝ որ տեսաք չեմ գալիս տուն, ուրեմն մեկնել եմ: Իրար չխառնվիք, մարդ-մուրդ չխառնեք, չզանգեք, չի կարելի:

Էլի գնալու միտք ունե՞ք: Հարցին վստահ պատասխանում է. անպայման, մենակ թե տանեն, էնտեղ եմ ես պետք:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *