Ինչ ռազմատեխնիկա պետք է ձեռք բերի Հայաստանը. փորձագիտական կարծիքներ

«Պшտերшզմից հետո մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկը բանակի, զինված ուժերի բարեփոխումն է, որն իրականացնում ենք ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ». Նիկոլ Փաշինյան:

«Հայաստանում ռազմական բարեփոխումների անցկացումը ոչ միայն ծրագրվում է, այլեւ՝ արդեն իրականացվում է, ընդ որում՝ այդ գործընթացում անմիջականորեն ներգրավված են մեր ռուս գործընկերները». Վաղարշակ Հարությունյան:

Թե կոնկրետ ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը, դեռ չի հստակեցվում, սակայն պաշտոնական կարճ հայտարարությունները և փորձագիտական կարծիքները հուշում են՝ Հայաստանը շեշտը դնելու է նոր սպառшզինության ձեռքբերման՝ հիմնականում ռուսական արտադրանքի վրա:

Պшտերшզմից հետո միակ զինատեսակը, որի ձեռքբերման մասին հայկական կողմը հստակ հայտարարել է՝ ռուսական ՍՈՒ-30-ՍՄ կործանիչներն են:

Նիկոլ Փաշինյան. (ՀՀ վարչապետ). «Դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով»:

2019-ին Հայաստանը ձեռք էր բերել 4 ՍՈՒ-30-ՍՄ, սակայն առանց համապատասխան հրթիռների, ինչի պատճառով չկարողացավ դրանք կիրառել պատերազմի ընթացքում: Երևանը մտադիր է այդ կործանիչների քանակը հասցնել 12-ի: ՍՈՒ-30-ների նման խմբաքանակը միանշանակ եղանակ կփոխի՝ ընդգծում են փորձագետները: Սակայն, այս պարագայում չափազանց կարևոր է, թե ի՞նչ բաղադրիչներով դրանք կմատակարարվեն Երևանին:

Ալեքսանդր Խրամչիխին. (Ռազմական փորձագետ). «12 կործանիչը կապահովի առավելություն օդում: Դրանք ավելի հզոր զենք են, քան Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող ցանկացած ինքնաթիռ: Սու-երը կարող են օդում ոչնչացնել հակառակորդի ԱԹՍ-ները առանց որևէ խնդրի: Կարող են խոցել նաև ցամաքային թիրախներ: Հարցն այն է, թե ինչ հրթիռներ կցանկանա և կկարողանա ձեռք բերել Հայաստանը: Մեկ բան է երկինք-երկինքը, այլ բան երկինք-մակերես հրթիռները»:

Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խռամչիխինը ընդգծում է՝ Հայաստանը պետք է ամբողջությամբ բարեփոխի Զինված ուժերը, և ՍՈՒ-երի ձեռքբերումն այդ գործընթացի կարևոր մաս կարող է դառնալ:

Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտության հիմնական պատճառներից մեկի՝ Հակաօդային պաշտպանության համակարգի խոցելի լինելու մասին շատ է խոսվել: Ադրբեջանի առավելությունը երկնքում ապահովվեց հարյուրավոր ԱԹՍ-ների միջոցով. թիրախում հայտնվեցին հայկական ցամաքային ուժերն ու խաղաղ բնակավայրերը: Հատկանշական է, որ այն օրերին, երբ «օդը հաջողվում էր փակել», պաշտպանության բանակն իրեն վստահ էր զգում: Պատերազմի ընթացքում ոչնչացվել է զգալի քանակի ՀՕՊ-համակարգ, հիմնականում ՕՍԱ և ՏՕՌ տեսակի: Այժմ անհրաժեշտություն կա ձեռք բերել ժամանակակից համակարգեր:

Վլադիմիր Եվսեև. (Ռազմական փորձագետ). «ԱԹՍ-ների դեմ պետք է պայքարել համալիր միջոցներով: Նպատակահարմար կլիներ Հայաստանին տրամադրել ՄԱՆՑԻՐ-ՍՄ-ներ, այս սարքի վերջին մոդիֆիկացիան է: Լավ համբավ ունեն նաև ՏՕՌ համակարգերը: Բայց այդ ամենը լավ է միայն կոմպլեքս օգտագործման պարագայում: Օրինակ, ԷՍ-300 կամ ԷՍ-400-ների, ինչպես նաև ռադիո-էլեկտրոնային պայքարի միջոցների հետ համատեղ»:

44-օրյա պատերազմը մերկացրեց ևս մեկ խնդիր՝ անօդաչու թռչող սարքերի պակասը: Հայաստանը ԱԹՍ-ներ դեռևս չի գնել՝ օգտագործելով միայն սեփական արտադրանքը: Առաջին հայկական ԱԹՍ-ն հանրությանը ներկայացվեց 2011 թվականին: Սակայն ստանալ զգալի քանակի սարքեր, որոնք կարող էին պատերազմում լուրջ դեր խաղալ, չհաջողվեց: Բացը լրացնելու համար պետք է գնումներ կատարել միջազգային գործընկերներից, նշում են մասնագետները: Այժմ ռուսական կողմն է ակտիվ զբաղվում այդ զենքի մշակմամբ: Դաշնությունում չեն բացառում ԱԹՍ-ների մատակարարումը Հայաստանին:

Վալերի Ռեշետնիկով. (ՌԴ ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար). «Այսօրվա դրությամբ մենք արտահանման ենք ներկայացնում մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես, տևական թռիչքի հնարավորությամբ «Օրիոն-Է» անօդաչու թռչող սարքերը։ Հայկական կողմի համապատասխան դիմումի դեպքում մենք պատրաստ ենք քննարկել այն ընդունված կարգով»

Խոսքը հետախուզական ԱԹՍ-ի մասին է: Ռուսաստանն իր սպառազինությունում դեռ չունի հարվածային ԱԹՍ-ներ, ընդգծում է Ալեքսանդր Խռամչիխինը: Այս պարագայում Հայաստանը կարող է հայացքն ուղղել այլ շուկաներ, և ռուսական կողմը պետք է ըմբռնումով մոտենա:

Ալեքսանդր Խռամչիխին. (Ռազմական փորձագետ). «Այն փաստը, որ Իսրայելը ԱԹՍ-ներ է վաճառել Ադրբեջանին, չի նշանակում, որ Թել-Ավիվը դրանք չի վաճառի Հայաստանին: Կա Չինաստանի, ինչու չէ, նաև Իրանի տարբերակը»:

Զինված ուժերում բարեփոխումները ենթադրում են նաև հրետանու և զրահատեխնիկայի արդիականացում: Պատերազմից առաջ Հայաստանի զինանոցում, համաձայն բաց աղբյուրների, կար 300-ից ավելի տանկ՝ զգալի մասը՝ ՏԷ-72: Արդիականացումը հնարավոր է իրականացվի ՏԷ-90-ներով, նշում է ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Անհրաժեշտ է թարմացնել նաև հետևակի մարտական մեքենաների պարկը, ինչպես նաև շարժական և ստացիոնար հրետանին:

Արդեն պարզ է, որ այս տեխնիկայի ձեռքբերման հիմնական շուկան ևս Ռուսաստանն է: Եվսեևը ընդգծում է՝ ռուսական կողմն այս գործընթացին զուգահեռ պետք է զինամթերքի որոշակի պաշար ստեղծի Գյումրիի ռազմաբազայում:

Վլադիմիր Եվսեև. (Ռազմական փորձագետ). «Երբ պատերազմը սկսվեց, Հայաստանը փաստացի մեկուսացված էր Ռուսաստանից: Իրանի տարածքով օդային միջանցքը ստեղծվեց ռազմական գործողությունների մեկնարկից երեք շաբաթ անց, երբ Արցախի հարավում պաշտպանական գիծը ճեղքված էր»:

Հայաստանի Զինված ուժերում առավել ծավալուն փոփոխությունները կարող են առնչվել անձնակազմի զինվորական պատրաստվածությանը և հետևակի կառուցվածքին: Տարբեր փորձագետների գնահատմամբ՝ հայկական ԶՈւ-ն ժառանգել է խորհրդային բանակի մոդելը: Իսկ ժամանակակից պատերազմները ենթադրում են շարժունակության այլ աստիճան: Այս ուղղությամբ փոփոխությունները պետք է ակնառու լինեն, նշում է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Հրաչյա Պետրոսյանց (Ռազմшկան փորձագետ). «Մենք պետք է ունենանք շատ փոքր բանակ, որը կլինի շատ շարժունակ,  որը տեխնոլոգիապես բարձր հագեցվածություն պետք է ունենա: Ես գտնում եմ, որ այսօրվա մեր բանակը ֆինանսական չափազանց մեծ ծախսեր է տանում անարդյունավետ: Այսինքն, կարելի է կրճատել ամեն ինչ, շատ ավելի փոքր լինել, բայց այդ ամենը կարող է լինել պրոֆեսիոնալ»:

Պшտերազմը Հայաստանին ծանր ժառանգություն է թողել: Բարեփոխումներն իրականացվելու են քաղաքական ու տնտեսական բարդ պայմաններում: Սակայն Զինված ուժերի արդիականացումն այլընտրանք չունի, համոզված են մասնագետները:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *